«Ռուսաստանը Թուրքիայի հետ լավացնում է հարաբերությունները Պետրոս Մեծի ծրագրերի վերջին կետն իրագործելու համար». Արման Նավասարդյան
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները տնտեսական առումով գուցե զարգանան. «Կարծես թե լինելու է Հարավային հոսքը և ատոմակայանի շինարարությունը: Բայց եթե հեռահար խնդիրներով մոտենալու լինենք, կարծում եմ՝ լավ հարաբերություներ կունենան, որովհետև երկու կողմի համար էլ դա ձեռնտու է. Ռուսաստանը ցանկանում է Թուրքիան վերջնականապես կտրել Արևմուտքից, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ից, Թուրքիան փորձում է հնարավորինս օգտագործել ռուսական գործոնն Արևմուտքի հետ իր հաշիվները կարգավորելու համար»:
Ռուսաստան ու Թուրքիան կլինե՞ն ռազմավարական գործընկերներ. ըստ դեսպանի՝ դա անհնար է. «Ռուսաստանը Թուրքիայի հետ լավացնում է իր հարաբերությունները Պետրոս Մեծի ծրագրերի վերջին կետն իրագործելու համար՝ օգտագործել Դարդանելն ու Բոսֆորը՝ դուրս գալու դեպի Հնդկական օվկիանոս: Դա Ռուսաստանի հիմնական խնդիրներից մեկն է: Գենետիկորեն չի մոռացվի 13 պատերազմն ու այն խնդիրները, որ գոյություն ունեն այդ երկու երկրների միջև: Եթե վաղը Թուրքիայի հարաբերությունները մի փոքր կարգավորվեն համաշխարհային մասշտաբով, տարածաշրջանում, նա նույնկերպ կվազի դեպի ՆԱՏՕ: Եվ ընդհանրապես, Թուրքիան չի կարող կտրվել ո՛չ Արևմուտքից, ո՛չ էլ ՆԱՏՕ-ից»:
Ըստ նրա՝ Պուտինի վարած քաղաքականությունը բյուզանդական դիվանագիտություն է հիշեցնում. «Դա դիվանագիտության մեջ կոչվում է՝ հակառակորդին խեղդել իր գրկի մեջ: Ես չեմ ասում, որ Պուտինն ուզում է Էրդողանին խեղդել, բայց այդ տենդենցը ես տեսնում եմ: Նա միևնույն ժամանակ փորձում է հավասարակշռել՝ մի կողմից՝ Իրանի հետ, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ: Դա շատ ճկուն դիվանագիտական խաղ է, բայց թե ինչի կբերի, դժվարանում եմ ասել»: