Բաժիններ՝

Վան Գոգի հետքերով. Սենտ Ռեմի (մաս երկրորդ)

Նվիրվում է Վան Գոգի հիշատակին

Առլից հետո Վան Գոգի հետքերով հաջորդ ուղին տանում է դեպի այս քաղաքից ոչ հեռու գտնվող Սենտ Ռեմի (Saint-Rémy-de-Provence) գյուղաքաղաք, որտեղ Առլում անցկացրած գերլարված ստեղծագործական կյանքի, ինչպես նաև, որոշ վկայություններով, աբսենտի չարաշահումներից նկարչի մոտ սուր դրսևորումներ էին ստացել խելացնորության նոպաները: Սրան մենք դեռ կանդրադառնանք հոդվածի ընթացքում, այնուամենայնիվ, մինչ այսօր Վան Գոգի հոգեկան հիվանդության մասին շրջանառության մեջ դրված մի շարք վարկածներ կան: Ասում են՝ նկարիչը տառապում էր մորից ժառանգաբար փոխանցված շիզոֆրենիայի նոպաներով, որոնք հատկապես սուր դրսևորումներ էին ստացել Առլում ապրած տարիներին:

168.am-ն առիթ ունեցավ լինելու ինչպես՝ Առլում, այնպես նաև՝ Առլից հետո, Սենտ Ռեմիի Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի մեկ տարին՝ 1889-90 թթ.: Մենք բացառիկ իրավունքով նկարահանումներ կատարեցինք հոգեբուժարանի ներսում՝ բակում, ինչպես նաև՝ նկարչի հիվանդասենյակում և լոգասենյակում, նկարահանեցինք նաև Վան Գոգի անձնական օգտագործման, ինչպես նաև՝ բժշկական իրերը, որոնք օգտագործվել են Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում բուժման ընթացքում:

1 2 3

Կարդացեք նաև

Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանի մուտքը

Վերջապես ո՞րն էր այս հանճարեղ նկարչի հիվանդության էությունը, ինչո՞վ էր ախտահարված նրա հոգեկան աշխարհը, կամ ի՞նչ պատճառներով: Վան Գոգն ընտանիքի ավագ որդին էր, ում հակասական բնավորությունն իրեն զգացնել էր տալիս արդեն մանկական տարիքից: Ապագա նկարիչը քմահաճ ու դժվար երեխա էր, հաճախ՝ լռակյաց, լուրջ, հակված համեստ վարքի:

4 5 6 7 8

Հոգեբուժարան տանող ճանապարհն ամաբողջությամբ շրջապատված է Վան Գոգի տարբեր տարիներին ստեղծած կտավներով

Վան Գոգի ստեղծագործական ու անձնական կյանքի ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ հոգեկան հիվանդության բացահայտ դրսևորումներն ի հայտ են եկել կյանքի վերջին տարիներին, երբ նկարչի մոտ հաճախակիանում են գիտակցության տևական ու կարճատև մթագնումները, սակայն գիտակցությունը շարունակում է մնալ չափազանց սթափ, վարքը՝ պատճառաբանված: Կյանքի վերջին տարիներին է նաև, որ նրա մոտ ի հայտ են գալիս վարքի երկատվածության դրսևորումներ՝ նկարիչը երազում է ընտանեկան խաղաղ կյանքի մասին, չդադարելով, սակայն, իրեն լիովին նվիրել բուռն ստեղծագործական կյանքին:

9

10

Գործող եկեղեցի հոգեբուժարանի բակում

Հայտնի է, որ հոգեկան սուր նոպաների ընթացքում Վան Գոգի մոտ դրսևորվում են մղձավանջային հալյուցինացիաներ՝ ուղեկցված տխրության ու միաժամանակ՝ զայրույթի բռնկումներով: Գիտակցության մթագնումների ընթացքում նա հաճախակի կերել է նկարելու համար նախատեսված ներկերը, ժամերով քայլել սենյակից սենյակ, և հանկարծ երկար, շատ երկար ժամանակ անշարժ կանգնել մի դիրքով: Եղբորը՝ Թեո Վան Գոգին գրված նամակներում Վինսենթը պատմում է, որ անշարժության այդ պահերին ինքը «տեսնում» է ապագա նկարների պատկերները, որոնք նոպաներից հետո հանձնում է կտավին:

11 12

13

Հոգեբուժարանի մուտքը ներսից

Սենտ Ռեմիի հոգեբուժարան տեղափոխվելուց առաջ, մի կարճ ժամանակահատված Վան Գոգը բուժման կուրս է անցնում Առլի քաղաքային հիվանդանոցում, որտեղ նրան բուժող բժիշկ Ֆ.Ռեյը հիվանդի մոտ ախտորոշում է էպիլեպսիա: Իսկ ահա Սենտ Ռեմիի հոգեբուժարանում, որտեղ Վան Գոգն անցկացնում է իր կյանքի մեկ տարին, բժիշկ Պեյրոնը հիվանդի բժշկական պատմության մեջ գրում է. «Վինսենթ Վան Գոգը տառապում է սուր էնցեֆալոպաթիայով, որն ախտահարել է հիվանդի գլխուղեղը»: Բժշկական նոթագրերում պահպանվել են բժիշկ Պեյրոնի՝ նկարչի հիվանդության նկարագրության այսպիսի տողեր. «Նոպաները Վինսենթ Վան Գոգի մոտ կրում են ցիկլային բնույթ՝ ի հայտ գալով յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Հիպիոմանիակալ փուլերում նկարչի մոտ սկսում է բուռն ստեղծագործական կյանք՝ վաղ առավոտից մինչ արևամուտ: Վան Գոգն այդ ընթացքում գերոգեշնչված է՝ նկարելով և ավարտին հասցնելով օրական մինչև երկու-երեք կտավ: Արդեն նոպաներին նախորդող և հաջորդող օրերին հիվանդը հակված է ինքնասպանության մտքին, նրա մոտ նկատվում է չպատճառաբանված լավ կամ կտրուկ վատ տրամադրություն, հենաշարժողական ապարատների և խոսքի նկատելի ակտիվություն, դեպրեսիվ տրամադրության վառ դրսևորում»:

14 15

Վան Գոգի հիվանդասենյակը, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի մեկ տարին

Բուժման կուրսում բժիշկ Պեյրոնը նկարչին նշանակում է շաբաթական երկօրյա հիդրոթերապիա՝ տաք վաննա, որը, սակայն, որևէ կերպ չի մեղմում հիվանդ նկարչի ցավերն ու տառապանքը:

16 17

Վան Գոգի լողասենյակն ու հիգիենայի անհրաժեշտ պարագաները հարակից սենյակում

Սենտ Ռեմիից ուղարված իր նամակներում՝ նկարագրելով սեփական վիճակը, Վան Գոգը գրում է գլխապտույտների սուր դրսևորումների մասին, որոնք ուղեկցվում են սրտխփոցով, սրտխառնոցով ու անվերահսկելի փսխումներով, հետապնդման զգացողությամբ ու հոգնության զգացումով, ականջներում լսվող՝ մեկ ուժգնացող, մեկ նվազող անվերջանալի աղմուկով, որը նկարչի մոտ պարբերաբար հանգեցնում էր լսողության կարճատև, բայց իսպառ կորուստների:

18

Տեսարան՝ Վան Գոգի հիվանդասենյակից

Բժիշկ մասնագետների ուսումնասիրություններով՝ նկարչի մոտ հոգեխեղման պատճառ կարող էր լինել ինչպես՝ ժառանգաբար փոխանցված շիզոֆրենիայի պարագան, այնպես նաև՝ կիզիչ արևի երկարատև ազգեցությունը (որովհետև հատկապես Առլում ապրած տարիներին Վան Գոգը երկար էր նկարում քաղաքային տեսարաններ, դրսում, վառ արևի տակ), այնպես նաև՝ աբսենտի չարաշահումը, որը, ինչպես հավաստիացնում են մասնագետները, պարունակում է ալֆա-տիոնի էքստրակտ, ինչի ներգործությունն օրգանիզմում և հատկապես նյարդային հանգույցներում ու գլխուղեղում հանգեցնում է նյարդային ազդակների ֆունկցիաների բնականոն ընթացքի խաթարման: Արդյունքում՝ հիվանդն ընկնում է ցնցումների, տրանսի մեջ, ունենում հալյուցինացիաներ, ինչպես նաև՝ դրսևորում պարանորմալ վարքագիծ:

19

Տեսարան՝ Վան Գոգի լողասենյակից

Այնուամենայնիվ, հատկապես Առլի և դրան հաջորդող Սենտ Ռեմիի հոգեբուժարանում անցկացրած տարիները համարվում են Վան Գոգի ստեղծագործական կյանքի առավել բուռն ու արդյունավետ փուլերը: Հոգեբուժարանում անցկացրած մեկ տարվա ընթացքում նկարիչը ստեղծում է ավելի քան 150 կտավ, որոնցից «Աստղազարդ գիշերը» համարվում է նրա այս շրջանի ստեղծագործական կյանքի գլուխգործոցը: Ի դեպ, որոշ էսքպերտներ հավաստիացնում են, որ հոգեբուժարանում ստեղծած Վան Գոգի կտավներում առկա կանաչ, կարմիր և սպիտակ գույները վկայում են նկարչի մոտ գունային գամմաների կորստի մասին: Այս հիպոթեզի համար հիմք են հանդիսացել հենց «Աստղազարդ գիշեր» կտավի շուրջ Նիդեռլանդներում կատարված մասնագիտական ուսումնասիրությունները:

20????????????????????????????????????

22 23 24 25

26

Նկարչի անձնական օգտագործման իրերի ու բժշկական պարագաների անկյունը հոգեբուժարանում

Սենտ Ռեմի ես եկա Վան Գոգի հետքերով, սեփական աչքերով տեսնելու ու զգայարաններով զգալու այն ամենը, ինչ այնտեղ այս կամ այն կերպ առնչություն ուներ իմ սիրելի նկարչի հետ:

27 28

29 30

Հոգեբուժարանի կամարապատ պարտեզը

Չմոռանամ, սակայն, ընդգծել, որ ֆրանսիական այս փոքրիկ գյուղաքաղաքը կապվում է նաև պատմական նշանակության մեկ այլ անհատի՝ հայտնի աստղագուշակ Միշել Նոստրադամուսի անվան հետ: Այս քաղաքում և հենց այս տանն է 1503 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել Միշել Նոստրադամուսը, որտեղ, սակայն, ոչ ոք չի ապրում:

Տունը փակ է ու լքված, իսկ Նոստրադամուսի մասին առավել ընդգրկուն տեղեկություններ կհաղորդվի առաջիկա հոդվածում՝ ֆրանսիական Պրովանսի Սալոն քաղաքից, որտեղ գտնվում է վերջինիս տուն թանգարանը:

31

Տունը, որտեղ ծնվել է ֆրանսիացի հայտնի աստղագուշակ Միշել Նոստրադամուսը

Նյութը՝ հաջորդիվ:

Առաջին մասն՝ այստեղ.

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս