Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման վտանգները

«Հանրությունն արդեն նման հանդիպումներից ոչ թե ակնկալիքներ է ունենում, այլ ինչ-որ վտանգներ է զգում, որ կարող է՝ ինչ-որ վտանգավոր բաներ լինեն, պայմանավորվածություններ լինեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման մասին՝ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ այնպիսի հոգեբանական մթնոլորտ է, որ ոչ մեկից լավ բան չեն սպասում:

«Հիմա չես հասկանում, անընդհատ ինչ-որ բաներ են խոսում, տարբեր տեսակետներ են հայտնում, բայց կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել, կամ ի՞նչ է եղել, որևէ բան չկա… Սերժ Սարգսյանի ասելով՝ նա հարց է բարձրացրել Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ՝ սա է խնդրի լուծումը: Հիմա չգիտեմ՝ դա կոնտեքստից կտրված հայտարարությո՞ւն է, ի՞նչ համաձայնությունների են եկել կամ չեն եկել, պարզ չէ»,- նշեց Մ. Սարգսյանը

Նրա խոսքով՝ պարզ է, որ սա ընդամենը Ղարաբաղյան խնդրի օգտագործումն է միջազգային նոր հարաբերություններում, որովհետև, նրա դիտարկմամբ, ավելի էական խնդիր է այստեղ այն, որ Թուրքիան հայտնվելով «վատ, անելանելի» վիճակում՝ փորձում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ցույց տալու համար Արևմուտքին, որ ալտերնատիվ ունի:

Ըստ Մ. Սարգսյանի՝ երկրորդ խնդիրն այն է, որ Իրանի նախագահն էլ է ներգրավվել այս հարաբերությունների մեջ.

«Բաքվում եռակողմ հանդիպման ժամանակ բավական հետաքրքիր երևույթ եղավ, երբ Ռուսաստանի և Իրանի նախագահները հայտարարեցին, որ երկուսով կաջակցեն Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կարգավորելու իր խնդիրները: Մենք անընդհատ տեսնում ենք, որ շուռ են տալիս Ղարաբաղի վրայով՝ իրար առաջարկներ տալով, թուրքական կողմն անընդհատ պնդում է, որ նոր ֆորմատ կստեղծեն՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, որ Ղարաբաղի հարցը լուծեն, արդեն առանց Հայաստան ֆորմատներ են ստեղծում, արդեն իրենք միասին, առանց մեզ, քննարկում են մեր խնդիրները և ընդամենը տեղյակ են պահում մեզ, առաջարկում են հանգիստ լսել իրենց որոշումները»:

Մ. Սարգսյանը դա է համարում ամենավատ տենդենցն այս ամենում, և նա չի հասկանում՝ ինչո՞ւ Հայաստանը ձև չի գտնում նման բաները շրջանցելու համար, թույլ չտալու, որ մեր խնդիրներն ուրիշները լուծեն:

Մեր այն հարցին, թե՝ Վ. Պուտին-Ս. Սարգսյան հանդիպումից ի՞նչ վտանգներ նկատեցիք՝ Մ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Դա հետո է երևում, որովհետև որևէ կոնկրետ բան չկա ասված, որևէ էական բանի մասին չի խոսվում, բայց, իհարկե, այդ տենդենցները եթե պահպանվեն, ապա կլինեն վտանգներ»:

Մ. Սարգսյանը նշեց, որ, եթե Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքը լինի լուրջ քաղաքական գիծ, ապա կարելի է ասել, որ հայկական խնդիրը մտել է այդ բոլոր հարաբերությունների մեջ, իսկ եթե՝ ոչ, ապա կարելի է ասել՝ Հայաստանը խնդիր չունի:

Տեսանյութեր

Լրահոս