«Մենք մեր երկրում թշնամիներ չենք փնտրում». Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել ենք Երևանում հուլիսի 17-ին սկսված դեպքերի, հետագա զարգացումների, Մարտի 1-ից քաղած կամ չքաղած դասերի և պատասխանատվության կարևորության մասին:
– Պարոն Շարմազանով, Երևանում հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող օրերին հանրության մոտ բնական հարց էր ծագում՝ իսկ ո՞ւր են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, ինչո՞ւ մեկնաբանություններով հանդես չեն գալիս: Ո՞ւր էիք:
– Չեմ կարծում, որ ներկա չէին կամ բացակա էին: Ես ձեր հարցին հուլիսի 21-ին Գործադիր մարմնի նիստից հետո անդրադարձել եմ: Կարիք չեմ գտնում ևս մեկ անգամ անդրադառնալու, պարզապես մեկ բառով ասեմ՝ նպատակը եղել է՝ չխանգարել բանակցային գործընթացին, չխանգարել այն իրավիճակին, որը տեղի է ունենում, որովհետև իրավիճակը շատ զգայուն էր, շատ նյարդային էր, շատ պայթյունավտանգ էր, և մենք, կոնկրետ՝ ես, հանդես եմ եկել կուսակցության անունից՝ խաղաղության կոչով, նշել եմ, որ իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ավելորդ արյունահեղություն չլինի: Չեմ կարծում, որ ամեն օր Հանրապետական կուսակցությունն իր նույն կարծիքը պետք է տարբեր գործիչների կողմից ասեր: Եվ դա եղել է ոչ միայն իմ, այլև ՀՀԿ-ի դիրքորոշումը: Ինչ եղավ հետագայում, Հանրապետության նախագահը մեկ անգամ ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ, ներկայացրեց իր դիրքորոշումը և օգոստոսի 1-ին պարոն նախագահը հանդես եկավ հայտարարությամբ:
Ես մի բան կարող եմ ասել, որ այս ծանր իրավիճակից մենք կարողացանք հասարակության հետ դուրս գալ, կոնկրետ այս ՊՊԾ գնդի հետ կապված, նախ և առաջ՝ իշխանությունների և ՀՀ նախագահի սառը, հումանիստական, հանդուրժողական քաղաքականության արդյունքում, որովհետև մեզ համար Հայաստանի Հանրապետությունում չկան հակառակորդներ, թշնամիներ, մենք մեր երկրում թշնամիներ չենք փնտրում: Իհարկե, կլինեն մարդիկ, և այդ մարդկանց թիվը կարող է շատ լինել, տասնյակ-հազարավոր կամ հարյուր-հազարավոր, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ են այս իրավիճակից, բայց մեր երկրում մեզ համար չկան թշնամիներ, մենք մեր երկրում թշնամիներ չենք փնտրում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: