Բաժիններ՝

Էրդողանը փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է այլընտրանք լինել ԵՄ-ին. WSJ

The Wall Street Journal պարբերականը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի` երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, գրում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումն ազդարարում է Անկարայի` Մոսկվայի կողմը շրջվելու պատրաստակամության մասին:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Եվրոպան Էրդողանի և Պուտինի մերձեցման մեջ տեսնում է Էրդողանի ձգտումը` ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է այլընտրանք լինել Եվրամիությանը, որը քննադատորեն է տրամադրված Անկարայի նկատմամբ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

«Սակայն երկարաժամկետ հեռանկարում նրանց հետաքրքրությունները չեն համընկնում, հատկապես Սիրիայի հարցով, ինչպես նաև տնտեսության և էներգետիկայի հարցերում: Ահա թե ինչու անհրաժեշտ են բաց պահել մեր խողովակները Անկարայի համար»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Դաշինքի մեկ այլ պաշտոնյայի կարծիքով` Էրդողանի այցը Մոսկվա հանդիսանում է «ուժի ցուցադրություն, որն իրականում շատ ավելի մեծ է թվում, քան կա իրականում»:
WSJ-ն ընդգծում է, որ Թուրքիայում իրականացվող ուղղակի օտարերկրյա ներդրումների երեք քառորդը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին:

Ընդհանուր առմամբ, արևմտյան ղեկավարները կարծում են, որ Թուրքիան, որը առանցքային դեր ունի ԴԱԻՇ-ի դեմ գործողություններում և ունի մեծությամբ երկրորդ բանակը ՆԱՏՕ-ում, կմնա Արևմուտքի ամուր դաշնակիցը, ասվում է հոդվածում: Սակայն հետագա իրադարձությունների մասին վստահությամբ խոսել չի կարելի:

«Խոշոր դաշնակիցների շրջանում աճում են կասկածները Ռուսաստանի առնչությամբ, անգամ, եթե նրանք ցանկանում են նվազեցնել լարվածությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի նախկին խորհրդական Թոմաս Գրեմը:
Նրա խոսքով` թեև Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, նրա պաշտպանությունը «այլ ենթատեքստ» է ձեռք բերում, քանի որ Թուրքիան դառնում է «ավելի բռնատիրական պետություն, որը սիրախաղի մեջ է մտնել Ռուսաստանի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս