
Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը գաղտնի մուտք է սարքել. Fox News

Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ռեկտոր Նիքոլաս Դերքսը գաղտնի մուտք է կառուցել, որը նախատեսված է ուսանողների բողոքի զանգվածային ցույցերի դեպքում փախուստի դիմելու համար: Նրա առանձնասենյակի մոտ սարքված ելանցը եւ մտոցը բուհի վրա 9 հազար դոլար են նստել: Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:
Այս տվյալները հեռուստաալիքին հաստատել է համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Հոլմսը: Նա այն համարում է «անվտանգության միջոց, որը թույլ է տալիս աննկատ հեռանալ վարչական շենքից»:
2015 թվականի ապրիլին այս բուհը դարձել էր ուսանողների զանգվածային ելույթների ասպարեզ: Նրանց խումբը ներխուժել էր ռեկտորի ընդունարան եւ նստացույց կազմակերպել:
Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների միությունը դատապարտել է գաղտնի մուտք կառուցելու ռեկտորի որոշումը: «Կարելի էր գտնել ուսանողների անհանգստության պատճառների վերացման նաեւ այլ միջոցներ»,- հայտարարել է միության ղեկավար Քրիս Յամասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: