Հոգեբանն աշնանը նոր «բունտ» է կանխատեսում

««Սասնա ծռերի» քայլի առաջին դրդապատճառը եղել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը բևեռել իրենց ու ժողովրդի խնդիրների վրա: Երկրորդ՝ իրենց կարծիքով՝ մեծ մասսաներ կմիանային իրենց, քանի որ դժգոհությունը շատ մեծ էր իշխանություններից: Նրանց քայլը ապստամբական սիմվոլիկ քայլ էր մտածում էին՝ ինչպես Ազատության հրապարակը գրավեցին ու կամաց-կամաց ժողովուրդը կուտակվեց, այդպես էլ կկուտակվի հիմա ու համընդհանուր պայքար կսկսվի, կկարողանան իրենց նպատակներին հասնել՝ Սէֆիլյանի ազատում, նախագահի հրաժարական: Բայց հաշվարկը սխալ էր, քանի որ ժամանակը չէ ու դժգոհությունն էլ այնքան մեծ չէ, որ միանգամից այդքան մեծ մասսաներ կուտակվեին: Իրենք քաղաքական այն մեծ ուժը չէին, որ կարողանային իրենց հետևից մեծ քանակությամբ մարդ տանել»,- 168.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման փաստն այսպես բացատրեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում ժողովուրդը մեծ համակրանքով վերաբերվեց նրանց քայլին:

Samvel Xudoyan«Նույնիսկ իշխանամետների մեջ էլ համակրողներ կային նրանց ու գտնում էին, որ՝ այո՛, իսկապես այդ մարդիկ անձնազոհության են գնացել: Ես իրենց արարքն անվանում եմ հայրենասիրական ռոմանտիզմ, քանի որ այդ մարդիկ հայրենիքով են ապրում»,- ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ ժողովրդի համբերության բաժակը լցված է, ու ամեն թեթև կայծ կարող է նրան փողոց հանել. «Ժողովուրդը նրանց զինվորական ուժը զգաց, սկսեց աջակցել, այդ մարդիկ դարձան հարազատ: Ցանկացած սթափ մարդ էլ հասկանում էր, որ այդկերպ իշխանափոխության հասնել հնարավոր չէ, բայց մեծ աջակցություն ստացան նաև մտավորականության կողմից: Մտավորականությանը պետք է բաժանել երկու մասի. Մի մասը անվերապահ պաշտպանում էր (մտավորականությունը կարծես հասարակության ուղեղը լինի), և ժողովուրդը հենց այդ մասի կողմն էր, իսկ մյուս մասն էլ մի քիչ իշխանությանը հաճոյանալու, շեշտն ավելի շատ տրամաբանության և ոչ զգացմունքների վրա դնելու հետևանքով քննադատում էր, որ զոհեր են տվել, որ չի կարելի, ազգը պառակտվում է…»:

Հետաքրքրվեցինք՝ ժողովրդի գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվե՞ց այս ամենից: «Ժողովրդի գիտակցության մեջ փոխվեց այն, որ պետք է վճռական քայլերի գնալ: Այսինքն՝ այս վճռական քայլն օրինակ էր ժողովրդի համար: Համախմբվածությունն այստեղ է պետք. և՛ մտավորականությունը, և՛ իշխանամետ այն ուժերը, որոնք պարզ հասկանում են, որ այս թալանի ու կոռուպցիայի մեջ Հայաստանն ուղղակի կկործանվի, պետք է համախմբվեն: Իմ կարծիքով՝ առաջիկայում մեծ «բունտ» կլինի, դա կլինի ավելի խաղաղ միջոցներով, բայց այդ խաղաղն էլ անվտանգ չէ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նոր «բունտեր» կլինեն, որոնց մասշտաբը դժվարանում եմ ասել: Այս իշխանությունը ի վիճակի չէ փոխվել. Ո՛չ ինտելեկտի, ո՛չ բարոյական արժեքների մակարդակը, ո՛չ դիրքորոշումները չեն բավարարում փոփոխություններ անելու համար»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ Պավլիկ Մանուկյանն իր 22-ամյա որդուն էլ էր հետը տարել ՊՊԾ գունդ, դա հոգեբանության տեսանկյունից ի՞նչ քայլ է, նա պատասխանեց. «Դա հայրենասիրություն է, որ՝ իմ ընտանիքն այս ազգի համար է: Նրանք հայտարարել են, որ պաշտոն չեն ուզում, ուղղակի ուզում են Հայաստանը կործանման տանող կոռումպացված իշխանությունը փոխել: Իսկ այսօրվա ընդդիմադիրների հիմնական մասը պաշտոնի համար է պայքարում, եթե նրանց նշանակես այդ պաշտոնին, իսկույն կտեսնես, որ ավելի մեծ թալան են անելու»:

Փորձեցիքն ճշտել՝ Խորենացի փողոցում հարթակ բարձրացող ընդդիմադիրնե՞րն էլ էին այդ նպատակով գնացել. «Հարթակում երևացողներից շատերը դիվիդենտ էին ուզում շահել: Տեսան, որ համակրանքը տղաների կողմն է, տեսան, որ կարելի է օգտագործել պահը իրենց իմիջը բարձրացնելու համար (ընտրություններ են շուտով), տեսան, որ կարող են որոշակի ազդեցություն ունենալ ժողովրդի վրա ու սկսեցին շարժումն իրենց նպատակների համար օգտագործել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս