Հեղաշրջման հետագա փորձերը կանխելու նպատակով թուրքական բանակում բարեփոխումներ են իրականացվում
Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Բանակային բարեփոխումների շրջանակում մենք փոխելու ենք այն մեխանիզմը, որի պատճառով վերջին 60 տարիների ընթացքում զինված ուժերը կազմակերպել են հեղաշրջման 6 խոշոր փորձ», այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը` նշելով, որ ձեռնարկվելիք քայլերը համապատասխանում են ՆԱՏՕի պահանջներին:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը ավելի քան 2100 էր: Շուրջ 60 հազար զինծառայողներ, ոստիկաններ, դատավորներ, պաշտոնյաներ եւ ուսուցիչներ հեռացվել են պաշտոններից եւ կալանավորվել: