«Եղիշեն երբեք չի հուսահատվում, բայց առողջական վիճակն իրեն մի քիչ հալածում է». Արտավազդ Բայաթյան

«Եղիշե Պետրոսյանը հիվանդանոցում է ու վատառողջ է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց, հետո հիվանդանոցից եկել է տուն, նորից տարել են հիվանդանոց, հիմա նախակաթվածային վիճակում է ու պառկած է: Նրա առողջական վիճակը լավ չէ, որովհետև մի քանի վիրահատություններ է տարել (սրտի, վահանաձև գեղձի վիրահատություն), այդ ամենն արտահայտվում է նրա առողջության վրա,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը՝ նշելով, որ Եղիշե Պետրոսյանի հիվանդասենյակի մոտ կանգնած ոստիկանները հսկում են նրան,- Չգիտեմ՝ ումից են պահում… շատ անորոշ վիճակ է»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ոստիկանությունից գտնվել են երկու հոգի, որոնք ցուցմունք են տվել, թե իբր տեսել են՝ ոնց է Եղիշե Պետրոսյանը Սարի թաղում, մեգաֆոնը ձեռքին՝ կոչ արել անկարգությունների, ինչը նա համարում է հերյուրանք. «Եղիշե Պետրոսյանը Խորենացի փողոցից մինչև այդ անկարգություններն ուշաթափվել է ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Շտապօգնությունը գրանցել է՝ երբ են իրեն տարել»:

Հարցին՝ որտեղի՞ց գիտի այդ մանրամասները, երգահանը պատասխանեց. «Եղիշեն է այդ ամենն ինձ պատմել, ու նաև իր կողքին եղած մարդիկ, որոնք պատմում են, որ Եղիշեն վատացել է, տարել են մոտակա տներից մեկը, ջուր են բերել, շտապօգնություն է եկել… Նրա մոտ վատ վիճակ էր: Հիմա այդ մարդը կարող է ամիսներ շարունակ հիվանդանոցում պառկել ապաքինվելու համար: Բայց քանի որ այսպես անորոշ ու ճնշող վիճակի մեջ է, ոնց որ այդ մարդու առողջության վրա զոռով-զոռով ազդեն, չեղած տեղը»:

Ա. Բայաթյանը նկատեց՝ Եղիշե Պետրոսյանն այն մարդը չէ, որ ինչ-որ անկարգություններ, խուլիգանություններ անի. «Նա շատ ազնիվ, պարկեշտ անձնավորություն է: Չի կարելի մարդուն վերագրել մի բան, որը չունի կամ չի արել: Նա երբեք ավել-պակաս չի խոսում, ու ոչ էլ հիմար կոչեր կաներ: Ինքը, որպես քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, առավել ևս՝ իրավունք ունի բողոքել: Այստեղ ոչ թե քաղաքական նկատառումներ եմ տեսնում, այլ շատ պարզ բան է՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում ու սահմանափակում:

Երբ գործը վերաբերում է իշխանությանը, կառավարմանը, ոչ ոք չի նստում ու հաշիվ տալիս՝ սրանք մտավորական են, սրանք սպորտսմեն են, և այլն, բոլորը հավասարվում են, ու բոլորի դեմ նույն բաներն են կիրառում: Պետության հենարանը հենց այն մտավորականներն են, որոնք ճիշտ են խոսում: Վտանգավոր են էն պնակալեզները, որ սուտ-սուտ, կեղծավոր ժպիտներով ավելի շուտ են կործանում մեր երկիրը: Եղիշե Պետրոսյանն արդարություն սիրող մարդ է, նա հենց այնպես ոչ ոքի չի վիրավորի, բան չի ասի: Նա տեսնում է՝ ինչ է կատարվում, ու ասում է իր տեսակետը՝ որպես ազատ քաղաքացի»:

Նա նաև նշեց, որ վերջին անգամ երեկ գիշերն է զրուցել Եղիշե Պետրոսյանի հետ. «Ինքը շատ ընկճված է, որովհետև առողջական վիճակը լուրջ է իրականում, իսկ այս վիճակից հուսահատված չէ, ինքը լավատես մարդ է, այնպես չէ, որ պետք է իր հանդեպ մի վատ բան անեն, ու ինքը դրանից հուսահատվի: Եղիշեն երբեք չի հուսահատվում, բայց առողջական վիճակն իրեն մի քիչ հալածում է: Վերջիվերջո, 18 տարեկան չէ, որ այդ ամենը հանգիստ հաղթահարի:

Ես իր հետ զրուցում եմ ու տեսնում, որ մարդն իրատես է, ոչ մի բան ոչ հորինում է, ոչ էլ ֆանտազիայի գրկում է, այլ շատ պարզ խոսում է: Իր ընտանիքի անդամները, հարազատները, ծանոթները, բոլորը գալիս են նրա մոտ ու առողջական վիճակը թեթևացնելու մասին միայն մտածում, ոչ մեկը չի գալիս ասում՝ գիտե՞ս՝ քեզ հես ա կնստացնեն երկու ամսով կամ մի տարով, բայց առողջականը բոլորին անհանգստացնում է: Ինքը ոչ քաղաքական հանցագործ է, ոչ ազգի դավաճան, որ իր նկատմամբ ինչ-որ բաներ կիրառեն, հակառակը՝ ինքը շատ պարզ ու հայրենասեր անձնավորություն է: Ես իրեն լավ եմ ճանաչում: Ես համոզված եմ, որ, եթե առողջական վիճակը կարգավորվի, մնացածն իր համար ոչ մի նշանակություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս