
Իրենց կյանքն են դրել, որ գումա՞ր հավաքվի. Կյուրեղյանները խնդրել են դրամահավաք չանել. ՀԺ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց տեղեկությունը, որ իրենց օժանդակելու համար բացված հաշվեհամարը փակվել է:
Տեղեկությունը armtimes.com-ին հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:
«Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա՝ խնդրեցի փակել: Եվ ես եւ տղաներս դեմ ենք ենք այդ եղանակով գումար հավաքելուն: Ես կարծում եմ, որ ճիշտն այն է, որ այդ անձնական հաշիվների փոխարեն մեկ ընդհանուր ֆոնդ բացվի եւ հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերվի՝ իրավական եւ մնացած այլ անհրաժեշտ մասերով: Ես չեմ ասում, թե հիմա աջակցության կարիք կա կամ չկա, աջակցության կարիք բոլորը ունեն: Բայց սկսենք գումար հավաքել, գովազդ անել, իմ տղաները ճիշտ չեն համարում: Նրանք իրենց կյանքն են դրել զոհաբերության սեղանին, գիտակցաբար: Նրանք այդ քայլին գնալուց առաջ իմացել են, որ դժվարություններ են լինելու: Նրանք հո չե՞ն գնացել, որ հետո հաշվեհամար բացվի ու օգնություն խնդրվի: Գիտե՞ք ինչ սակարկումների ու բամբասանքների տեղիք են տալու նման բաները»,- ընդգծեց Արմենակ Կյուրեղյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: