Բաժիններ՝

ԱՄՆ-ը հակված չէ արտահանձնել Գյուլենին. WSJ

Վաշինգտոնը ներկայումս չի պլանավորում արտահանձնել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա: Պատճառը Անկարայի ապացույցների անհամոզիչ լինելն է, գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով` ամերիկյան և թուրքական իշխանությունները քննարկել էին արտահանձնման հնարավոր սցենարներ, սակայն Անկարային դեռ չի հաջողվել համոզել Վաշինգտոնին նրանում, որ Գյուլենի արտահանձնման համար կան ծանրակշիռ պատճառներ:

Քարոզչի արտահանձնման հարցով վերջնական որոշում դեռ կայացված չէ, սակայն պարբերականի աղբյուրները «չեն կարող այնպիսի սցենար պատկերացնել, որի դեպքում Գյուլենն արդյունքում կհանձնվի թուրքական իշխանություններին»:

Ենթադրվում է, որ բանակցությունները կտևեն ևս մի քանի ամիս, սակայն համառությունը, որով Անկարան հայտարարում է Գյուլենի դերի մասին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման նախապատրաստման հարցում, նվազեցնում է նրա արտահանձնման շանսերը:

Ինչպես գրում է WSJ-ը, թուրքական իշխանությունների նման պնդումները Վաշինգտոնում հարցեր են առաջացնում և ստիպում կասկածել, որ Գյուլենին Թուրքիայում սպասում է ազնիվ և արդար դատավարություն:

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի դատարանը հեռակա կարգով Գյուլենին կալանավորելու որոշում է կայացրել:

Հունիսի 15-ին մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպեցին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրում է գյուլենական համայնքին և ԱՄՆ-ում վտարանդի նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին:

Անձամբ Գյուլենը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա դատապարտել էր ռազմական հեղաշրջման փորձը, նաև հայտարարել, որ չի վախենում Թուրքիա արտահանձնումից:

Միաժամանակ, նա չէր բացառել, որ իր կողմնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակցել ապստամբությանը:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս