«ԴԱԻՇ-ը թուլանում է, սակայն դեռ սպառնալիք է ներկայացնում». Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չնայած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաջողություններին Սիրիայում և Իրաքում, ջիհադիստները նախկինի պես լուրջ սպառնալիք են ներկայացնում, հայտնում է BBC-ն:
Օբամայի խոսքով` ԴԱԻՇ-ի դեմ ռազմական արշավը տվել է արդյունքներ, և Մերձավոր Արևելքում խմբի դիրքերը նախկինի պես ուժեղ չեն, սակայն կան հիմքեր ենթադրելու, որ ԴԱԻՇ-ի զինյալները ներկայումս կենտրոնացել են Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս հարձակումներ կազմակերպելու մեջ:
Հարձակումների սպառնալիքների տակ են հայտնվել Թուրքիան, Ֆրանսիան և Բանգլադեշը:
ԱՄՆ նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն իրեն կարող է վնասել, եթե երկրի իշխանությունները սխալ որոշումներ կայացնեն, օրինակ` եթե ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվեն խաղաղ բնակիչներ կամ եթե քաղաքականությունը տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնի որպես Արևմուտքի և իսլամի «քաղաքակրթությունների բախում»:
«Դա ձեռնտու կլինի հենց ԴԱԻՇ-ին և իսլամի աղավաղված մեկնաբանությանը, որը նրանք առաջ են մղում: Իրականում ԴԱԻՇ-ի զինյալները անխուսափելիորեն պարտության կմատնվեն»,- վստահեցրել է Օբաման Պենտագոնում հանդիպումից հետո:
Նրա համոզմամբ` մոտ ապագայում ջիհադիստները կկորցնեն վերահսկողությունը Սիրիայի Ռաքքա քաղաքի նկատմամբ, որը համարում են իրենց հենակետը, ինչպես նաև Իրաքի Մոսուլ քաղաքը: