Ապրիլին ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների խոշտանգումների փաստահավաք գործունեությունը շարունակվում է. ԼՂՀ ՄԻՊ
Արցախում շարունակում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացրած խոշտանգումների վերաբերյալ փաստահավաք գործունեությունը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Դա բավականին ժամանակատար աշխատանք է: Մենք այժմ կապի մեջ ենք նաեւ համապատասխան կառույցների հետ, առանձին վարույթ ենք
հարուցել»,նշեց նա:
Ապրիլի 10ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և
Ադրբեջանի միջև։
Ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 25 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկված են եղել խոշտանգման ու անարգանքի։
Ապրիլի 22ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացրած դաժանությունների մասին զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին՝ մասնավորապես, ՄԱԿի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿի Խոշտանգումների հարցերով
հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին, ինչպես նաեւ Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture եւ մի շարք այլ իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:
«Արմենպրես»ի այն հարցին, թե ինչ արդյունք է ունեցել տվյալ հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.
«Տեսանելի արդյունքներից մեկը թերեւս Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) զեկույցն է, որտեղ բավականին շատ հղումներ են կատարվել հենց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, արցախյան դիրքորոշմանը, չնայած այնտեղ ներկայացված է նաեւ ադրբեջանական դիրքորոշումը: Փորձ է արվել օբյեկտիվորեն անդրադարձ կատարել, քանի որ պետք է հասկանալ՝ որքան էլ մեր գնահատականներն անկախ լինեն, միեւնույնն է, այն դիտվելու է որպես արցախյան կողմի փաստաթուղթ», ասաց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նա հստակեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն այս հարցում գործընկեր կազմակերպություններին իրավիճակը հստակ եւ հասկանալի լեզվով ներկայացնելն է:
«Տվյալ զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին ավելի շատ տեղեկատվություն տարածելու, ուշադրություն հրավիրելու համար, որպեսզի մարդիկ ավելի ուշադիր լինեն արցախյան իրադարձություններին, հետեւեն դրանց զարգացմանը: Այսինքն ՝ սա այս դեպքում ֆորմալ իրավիճակ չէ, ֆորմալ կլինի, օրինակ՝ միջազգային դատական ատյանների կապակցությամբ», եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով:
Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում:
Ընդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը: