
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ զբոսաշրջային ոլորտին իսկապես անհրաժեշտ են փոփոխություններ

Օգոստոսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ:
Էկոնոմիկայի նախարարը նախ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ոլորտային գործունեությունը, կարևորել Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար տուրօպերատորների բարեխիղճ աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության դերն ու նշանակությունը և վերջինիս հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:
– Ոլորտին, իսկապես, անհրաժեշտ են փոփոխություններ, – իր խոսքում նշել է նախարարը, կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հիմքում վստահության գործոնն ու գործունեության ճիշտ կազմակերպումը:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը հակիրճ ներկայացրել է միության 12-ամյա գործունեությունը և այդ ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը:
Այնուհետև ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է եղել խնդրահարույց հարցերին:
Տուրօպերատորները բարձրաձայնել են զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին` սկսած օրենսդրական բացերից մինչև զբոսաշրջային վայրերի մաքրության խնդիրը: Կարևորվել է Հայաստանի գրավչության ներկայացման գործում պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցությունը, և այդ աշխատանքի առավելագույն արդյունքների ապահովման համար, նախարարի առաջարկով, առաջիկայում նախատեսվում է եռակողմ պայմանագրի կնքում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության միջև, ինչը կխթանի ոլորտի զարգացումն ու համակարգված աշխատանքը: