Պատժամիջոցային տարիների ընթացքում ՌԴ-ում մթերային ապրանքները թանկացել են 32 տոկոսով
Ռուսաստանում սննդամթերքը 2 տարում թանկացել է գրեթե 32 տոկոսով, ինչի պատճառը փոխադարձ պատժամիջոցներն են, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը:
«2 տարում պարենային ապրանքների գները թանկացել են 31,6 տոկոսով` 1,2 անգամ առաջ անցնելով ընդհանուր ինֆլյացիայից»,- հայտարարել են գերատեսչությունից:
Նշվում է, որ Ռուսաստանի կողմից պատասխան պատժամիջոցները զգալի նպաստել են մթերային գների աճին 2014թ. վերջին և 2015թ. սկզբին, սակայն դրանց ազդեցությունը նվազել է արդեն 2015թ. երկրորդ կեսին:
«Պարենային ապրանքների շուկան կարողացել է հարմարվել նոր պայմաններին, արդեն առաջին կիսամյակում կենտրոնացան այլ մատակարարների վրա, գնումները սկսեցին իրականացվել ավելի ցածր գներով»,- հայտնել են նախարարությունից:
Նախօրեին ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները հայտարարել են, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի տնտեսության ակտիվության վերականգնման մասին:
Ռուսական տնտեսությունը սեղմվում է «լայն ճակատով», վնասով են աշխատում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, իսկ նավթային եկամուտների կորուստները սպառնում են մինչև տարեվերջ սպառել Պահուստային հիմնադրամի միջոցները:
«Տնտեսությունը դարձյալ սկսել է կրճատվել` հատելով «հատակը»: Ընդ որում` ՀՆԱ-ն, որը բնութագրում է ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ, «հատակին» է հասել արդեն 2016թ. առաջին եռամսյակում, իսկ երկրորդ եռամսյակում, մեր գնահատականների համաձայն, 1,4 տոկոսով իջել է «հատակից» և 5,5 տոկոսով ցածր է 2014թ. մակարդակից»,- ասվում է զեկույցում:
Անկման ռեկորդակիրը, ըստ փորձագետների, դարձել է շինարարությունը, որի ծավալները կես տարում կրճատվել են 10 տոկոսով: Դրա հետևանքով 2016թ. երկրորդ եռամսյակում արտադրության ծավալներն այդ ոլորտում անկում են ապրել անգամ 2009թ. ճգնաժամի նվազագույնից և հայտնվել 2006թ. վերջի մակարդակին:
2014թ. միջին մակարդակի հարևանությամբ շինարարության ծավալները կրճատվել են 15 տոկոսով:
Արդյունաբերական արտադրությունը կես տարում կրճատվել է 0,1 տոկոսով:
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետներն ընդգծում են, որ ռուբլու դևալվացիայի հետևանքով ռուսական ապրանքների մրցունակության բարձրացումը չի կարողացել փոխհատուցել ռուսական ձեռնարկությունների կորուստները ներքին պահանջարկի կրճատումից:
«Պահանջարկը գրեթե անդադար նվազում է ճգնաժամի սկզբից, իսկ երկրորդ կիսամյակում անգամ արագացրել է անկումը` երկու եռամսյակում կրճատվելով 3,7 տոկոսով»,- ասվում է զեկույցում:
Bloomberg-ը գրում է, որ ռուսական իշխանություններն «անաղմուկ» իրականացնում են տնտեսությունում վերջին 15 տարում խոշորագույն փոփոխությունները` նավթը փոխելով ագրոարտադրանքով: