Սեպտեմբերից պայքարի հերթական ալիքը կսկսվի

Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, ՊՊԾ գունդը 15 օր գրաված պահելուց հետո «Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքը, միաժամանակ՝ պայքարը շարունակելու կոչ արեցին: Իսկ ԱԱԾ-ն էլ խմբի անդամներին որակեց՝ որպես ահաբեկիչներ: Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը, և ի՞նչ գործընթացներ կարող են լինել:

– Այժմ որոշակի հիասթափություն կա մարդկանց մոտ, որ այս մի փորձն էլ չստացվեց: Մյուս կողմից՝ դա կարող է վերածվել ընդդիմադիր դաշտում միմյանց հանդեպ մեղադրանքների ու նորից դաշտում վերադասավորվելու փորձերի, որովհետև այսօր կարևոր պայքարներից մեկն իշխանությունների դեմ չէ, այլ ընդդիմադիրի տեղը զբաղեցնելու համար է: Ինձ թվում է, հիմա մի փոքր դադար կլինի, և այն ոգևորությունը, որ բնորոշ է կոնֆլիկտներին, երբ թեժ պայքար է լինում, երբ մարդիկ ներքին ուժեր են կուտակում և հպարտություն են զգում պայքարի մեջ ներգրավվելուց, մի քիչ կհանդարտվի, և որոշակի դեպրեսիոն վիճակ կլինի: Բայց, կարծում եմ, դա երկար չի տևի, սեպտեմբերից պայքարի հերթական ալիքը կսկսվի:

– Երեկ հանրահավաքից պարզ դարձավ, որ այս բողոքի շարժման առաջնորդները գրեթե բոլորն անազատության մեջ են, կամ հրաժարվում են առաջնորդողի դերից: Մարդիկ չէին կողմնորոշվում՝ ինչ անել: Ի՞նչ եք կարծում՝ առաջնորդի խնդիր կա՞, անհրաժե՞շտ է առաջնորդ, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

– Իրականում կոնֆլիկտների ժամանակ ամեն ինչ պարզեցված է դիտվում՝ սև ու սպիտակ, մերոնք ու ոչ մերոնք: Իրականում «Հիմնադիր խորհրդարանն» ուներ իր առաջնորդները, իր ծրագրերը, իր ընկալումները, թե ինչ է անում, և դա սպոնտան չէր, նրանք ժամանակի մեջ պատրաստված գործողությունների էին գնում և հստակ մշակված ծրագիր ունեին: Կարծում եմ՝ դրսի մարդիկ, որ մտածում էին, թե նույն գաղափարներն ու պատկերացումներն ունեն, սխալվում էին: Այդ պատճառով շատ դժվար էր այդ պահին ուրիշ առաջնորդի ի հայտ գալը, որովհետև, ըստ էության, պայքարի հիմնական կրողը ՀԽ-ն էր, որը և որոշակի թելադրում էր՝ Փաշինյանին կամ մյուսին թույլ տա՞լ խոսել, թե՞ ոչ: Ինչ-որ մարդիկ փորձեցին լիդերություն վերցնել, ինչ-որ մարդիկ հասկացան, որ ուղղակի հնարավոր չէ դա, որովհետև չի կարող լինել, որ մարդկանց մի խումբ իր կյանքն է վտանգում, գնում է զինյալ պայքարի, իսկ մեկ այլ խումբ օգտվում է դրա պտուղներից: Դա պարզապես հնարավոր չէ:

Այնպես որ, այս շարժումը հստակ իր լիեդերներն ուներ՝ թաքնված ու չթաքնված, և դա «Հիմնադիր խորհրդարանն» էր: Ուրիշ պայքարի ձևեր կլինեն, ուրիշ լիդերներ կգան: Վստահ եմ, նման խնդիր չկա, Հայաստանում դրոշակակիրների պակաս չի եղել: Ինձ համար շատ հետաքրքիր ֆենոմեն էր, որ այն մարդիկ, որ դուրս էին եկել փողոց ու պաշտպանում էին զինյալներին, «Հիմնադիր խորհրդարանին» և այլն, անգամ չեն փորձել նրանց կայքը մտնել, հասկանալ՝ ինչ են այդ մարդիկ ուզում, ինչ են պատկերացնում: Բոլորն ակնկալում էին, որ իրականում այն, որ իրենք անում են, նույն խնդիրներն են, ինչպես առանձին ամեն մեկն իր տեղում էր պատկերացնում: Դա բնորոշ է սուր կոնֆլիկտներին՝ ամեն ինչ պարզունակացնել: Հիմա ամեն մեկն իր խնդիրը կվերագնահատի, և կպարզվի, որ դաշտում բոլորը շատ տարբեր խնդիրներ ունեն: Կարող է շատ-շատերն իշխանությունների դեմ են, բայց այնպես չէ, որ բոլորն ապագա Հայաստանը նույն ձևով են պատկերացնում:

– Դուք նշել էիք, որ քաղաքական դաշտն այսօր ամայացած չէ, մինչդեռ հանրահավաքների ժամանակ հարթակից հրավիրում էին քաղաքական ուժերին շարժումը ղեկավարելու, և ոչ ոք այդպես էլ չեկավ: Ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտին այս ճգնաժամից հետո:

– Խնդիրն այն էր, որ այն ձևն ու բովանդակությունը, որ ՀԽ-ն էր տանում, ինքն առաջնորդված էր, ու այդտեղ այլ քաղաքական ուժեր մտնել ուղղակի չէին էլ կարող, չնայած կոչերին: Մյուս կողմից՝ իշխանություների կողմից, կարծում եմ, ճիշտ քայլ էր գնահատականներ չտալը, ելույթներ չունենալը, զսպվածություն դրսևորելը, որովհետև, եթե սկսեին ինչ-որ ելույթներ ունենալ և այլն, նույնիսկ իշխանական ուժերի խելացիները, դա կարող էր բերել պրոցեսի ավելի կարծրացման և բանակցությունների վերջի: Այն, որ արգելեցին իշխանությունները խոսել թե´ իրենց ինտելեկտուալ ուժ ունեցողներին, թե´ այն մասին, որ բացի բռի արտահայտություններից՝ այլ բանի ընդունակ չէ, շատ լավ էր, և դա թույլ տվեց, որ ի վերջո քիչ արյունով մենք այդ իրավիճակից դուրս գանք: Ի՞նչ կլինի ապագայում:

Այսօր երկակի պայքար կա՝ իշխանությունների դեմ և ընդդիմադրի, դրոշակակրի, առաջամարտիկի: Ու այստեղ վերադասավորումների խնդիր կա, և հիմնականում, քանի որ Հայաստանում դաշտն այնքան էլ ձևավորված չէ, ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբերից, ընդդիմադիրների միջև պայքարը կթեժանա, և մենք որոշակիորեն կհասկանանք, թե ովքեր են այն ուժերը, որոնք կկարողանան ինչ-որ բան առաջ տանել: Ինձ համար կարևոր է, որ առաջին անգամ Հայաստանում մենք ունենք ուժեր, որ ոչ միայն բեմի վրա են կառուցված, և հիմքն այն չէ, թե մենք այն ուժն ենք, որ կկարողանա հաղթել գործող իշխանությանը, որի ավանդույթը եղել է մեզ մոտ: Այսօր կան երիտասարդ կուսակցություններ, որոնք ունեն որոշակի պատկերացումներ և պոտենցիալ և ուզում են աշխատել: Այդ աշխատելու ցանկությունը շատ կարևոր է և տարբերվում է մնացած ընտրությունների ժամանակ մեր ունեցած փորձից, երբ ձևավորվում էր կարճաժամկետ ծրագիր, որով ուզում էին իշխանափոխության գալ՝ «հետո լավ կլինի» խոստումներով: Շատ կարևոր է, որ տեղական ընտրություններին պայքարելու ձգտում կա, Հրազդանում դա չհաջողվեց, բայց միևնույն է, շատ կարևոր փորձ էր: Հիմա տեսնենք՝ Վանաձորում և Գյումրիո՞ւմ ինչ կլինի: Այդ տարբերակով մենք կտեսնենք, թե ովքեր են հաջողակները, ովքեր են կարողանում իսկապես ինչ-որ ծրագրով հանդես գալ:

– Իսկ իշխանություններն ի՞նչ հետևություններ պետք է անեն այս ամենից:

– Ակնհայտ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը վաղուց վերածվել է մի կորպորացիայի, որտեղ մարդիկ ընդունվելով՝ ստանձնում են պարտավորություն՝ ծառայել այդ կորպորացիային՝ իրենց ներդրումներով և այլն, մյուս կողմից՝ ստանում են հնարավորություն՝ օգտվել բոլոր կոռուպցիոն և այլ տարբեր եղանակներով բարիքներ ստանալուց: Ընդունա՞կ է արդյոք ՀՀԿ-ն մաքրվելու, ես դժվարանում եմ ասել: Այդքան շատ ժամանակ չի մնացել մինչև մյուս ընտրություններ, և ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում և այսօրվանից պատրաստակամ լինի այդ պարտությունն ընդունելու: Այլապես՝ մի երկու հատ էլ նման հաղթանակ, Հայաստանից բան չի մնա, ինչպես Պյուռոսն է ասել Հռոմի դեմ ճակատամարտերում հաղթանակից հետո՝ «ևս այսպիսի մի հաղթանակ, ու ես այլևս բանակ չեմ ունենա»: Մաքրվելու միակ ելքը ՀՀԿ-ի համար ընդդիմություն դառնալն է: Այդ ժամանակ կմաքրվեն այն մարդիկ, որոնք ուղղակի այդ կորպորացիայի մեջ մտել էին բարիքներ ստանալու ակնկալիքով: Այլ կերպ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ինքնամաքրման գնալ:

Տեսանյութեր

Լրահոս