«Հատակից ավելի ցած». Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները հայտնել են Ռուսաստանի տնտեսության սարսափելի անկման մասին
Ռուսական տնտեսությունը սեղմվում է «լայն ճակատով», վնասով են աշխատում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, իսկ նավթային եկամուտների կորուստները սպառնում են մինչև տարեվերջ սպառել Պահուստային հիմնադրամի միջոցները, գրում է ռուսական РБК-ն:
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները հայտարարել են, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի տնտեսության ակտիվության վերականգնման մասին: 2016թ. հունվար-հունիսին երկիրը ոչ թե մի փոքր վերականգնվում էր, այլ իսկական ռեցեսիայի մեջ էր, նախազգուշացնում են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի «Զարգացման կենտրոն» ինստիտուտի փորձագետները:
Նրանց զեկույցում նշվում է, որ տնտեսության անկումն ընդգրկել է դրա բոլոր ոլորտները (բացառությամբ՝ մեծածախ առևտրի), ինչի հետևանքով՝ տնտեսությունը ոչ թե հասել է «հատակին», այլև անցել է դրանից:
«Տնտեսությունը դարձյալ սկսել է կրճատվել` հատելով «հատակը»: Ընդ որում` ՀՆԱ-ն, որը բնութագրում է ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ, «հատակին» է հասել արդեն 2016թ. առաջին եռամսյակում, իսկ երկրորդ եռամսյակում, մեր գնահատականների համաձայն, 1,4 տոկոսով իջել է «հատակից» և 5,5 տոկոսով ցածր է 2014թ. մակարդակից»,- ասվում է զեկույցում:
Անկման ռեկորդակիրը, ըստ փորձագետների տեղեկությունների, դարձել է շինարարությունը, որի ծավալները կես տարում կրճատվել են 10 տոկոսով: Դրա հետևանքով 2016թ. երկրորդ եռամսյակում արտադրության ծավալներն այդ ոլորտում անկում են ապրել անգամ 2009թ. ճգնաժամի նվազագույնից և հայտնվել 2006թ. վերջի մակարդակին:
2014թ. միջին մակարդակի հարևանությամբ շինարարության ծավալները կրճատվել են 15 տոկոսով:
Արդյունաբերական արտադրությունը կես տարում կրճատվել է 0,1 տոկոսով:
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետներն ընդգծում են, որ ռուբլու դևալվացիայի հետևանքով ռուսական ապրանքների մրցունակության բարձրացումը չի կարողացել փոխհատուցել ռուսական ձեռնարկությունների կորուստները ներքին պահանջարկի կրճատումից:
«Պահանջարկը գրեթե անդադար նվազում է ճգնաժամի սկզբից, իսկ երկրորդ կիսամյակում անգամ արագացրել է անկումը` երկու եռամսյակում կրճատվելով 3,7 տոկոսով»,- ասվում է զեկույցում:
Այսօր հրապարակված զեկույցում հատկապես նշվում է մանրածախ առևտրաշրջանառության կրճատումը, որը 2016թ. հունվար-հունիս ամիսներին կրճատվել է 3,1 տոկոսով:
«Այդ պայմաններում մենք չենք ակնկալում մոտ ժամանակներս տնտեսության կայուն աճի վերսկսում»,- ընդգծված է զեկույցում:
Փորձագետների գնահատականների համաձայն` 2016թ. արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 1,5 տոկոսով, իսկ ռեցեսիան կարող է շարունակվել եկող տարիներին ևս: