Ի՞նչ է պահանջում Վահան Բադասյանը

Այսօր մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել էր «Հիմնադիր խորհրդարանի» տեղեկությունները՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենաներով հատուկջոկատայիններ բերելու մասին: Սակայն ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներով հերքելը բավարար չէ, պետք է պաշտոնապես հերքեն այդ տեղեկատվությունը և հավաստիացնեն արցախցիներին: Ի դեպ, Վահան Բադասյանի հետ մեր զրույցը տեղի էր ունեցել մինչ «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ զենքերը վայր դնելը և իշխանություններին հանձնվելը:

«Իսկ մեզ հավաստիացնելը դա այն է, որ մենք հանրային ձևով գնանք և ստուգենք, որովհետև չենք հավատում ասածին, որովհետև նախկինում արդեն մի քանի անգամ այստեղից ուղարկել են նման կեղտոտ մտադրություններով: Սա խայտառակություն է և ոչ մի ձևով չի տեղավորվում ոչ մի չափանիշում: Եվ քանի որ կա նախադեպը, թող իրենք հավաստիացնեն»,- ասաց Վ. Բադասյանը:

Ինչպեսև այսօր կատարած իր հայտարարության մեջ, մեզ հետ զրույցում Վ. Բադասյանը հիշեցրեց, որ «1998թ., 2003թ., 2008թ. ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով, իբր թե գաղտնի, բայց, այսպես կոչված, ազատամարտիկներից բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան»:

«Մենք պետք է բոլորս մտածենք՝ դուրս գանք այս քաոսից: Եթե ես մինչև հիմա ասում էի, որ կարող էի միջնորդ լինել իշխանությունների և ապստամբների՝ «Սասնա ծռերի» միջև, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, ես տեսնում եմ, որ իշխանությունների կողմից այդ բարի կամքը չկա: Իրենք ժողովրդին կոտորում են ժողովրդի զավակների ձեռքով: Իրար կոտորելու մարտավարություն է վերցրել իշխանությունը. սա կույր, հակաազգային և հակապետական մարտավարություն է: Ես կարծում եմ՝ իշխանության տարբեր օղակներ գնում են բացարձակ հանցագործությունների, օրինակ՝ Սարի թաղի դեպքերը: Դա անմարդկային և հակամարդկային է, այդ մարդիկ Հաագայի դատարանի առջև կանգնելու են, բայց արդյունքում՝ տուժելու է մեր պետականությունը»,- ասաց Վ.Բադասյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Երևան այցի իրենց նպատակը լինելու է ազգի առողջ, մտահոգ ուժերին, մտավորականներին, նշանավոր արվեստագետներին մոբիլիզացնելը.

«Այդ բոլոր ժողովուրդը հանցագո՞րծ է: Ապստամբները հանցագործ չեն, հանցագործն իշխանավորներն են, ովքեր հասցրել են սրան: Իրենք դեռ շանս ունեն, բայց այդ ժամանակը շատ քիչ է մնացել: Իրենք գնում են կոտորածի, արյունի, բայց թող լավ իմանան, եթե այդ տղաներին բոլորին վնասազերծեն կամ կոտորեն, այս ալիքը չի իջնելու, օրինակ՝ այսօր Անգեղակոթ գյուղի ճանապարհը փակել են գյուղացիները: Երկիրը վեր են ածելու քաոսի»:

Վ.Բադասյանը հայտարարեց, որ սեղանին դրված է Արցախի տարածքների զիջման հարցը, դա ապացուցում է այն փաստը, որ իշխանությունները ցանկացած, թեկուզ փոքր զիջում չարեցին ապստամբներին, բարի կամք չդրսևորեցին.

«Իրենք որոշել են զիջել տարածքները, իսկ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է տարածքների հանձնման դեմ հայտարարությունների պատճառով, տղաները ապստամբել են առաջին հերթին՝ Արցախի տարածքների, հողերը հանձնելու դեմ, ինչպես նաև արտահայտել են, որ այս իշխանությունները Հայաստանում կոխկրտել, ոտնահարել են Սահմանադրությունը, իսկ Սահմանադրություն ոտնահարելը պետական հանցագործություն է: Պետական հանցագործներն իրավունք չունեն լինել իշխանության գլուխ: Եվ այդ տեսակետից ստեղծվել է քաոս, մարդիկ կանգնել են, չեն կարող բոլորին կոտորել, չի կարելի բոլորին բանտեր լցնել, չի կարելի այդպես: Եվ մեր առաքելությունը պետք է կայանա նրանում, որ… մենք էլ չգիտենք՝ ում հետ, բայց պետք է միասնաբար՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք, տեր կանգնենք մեր ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Վ. Բադասյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասել էր.

«Հայրենակիցնե՛ր, 1998թ., 2003թ., 2008թ. ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով, իբր թե գաղտնի, բայց, այսպես կոչված, ազատամարտիկներից բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ, այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն: Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական հակապետական, ամոթալի, սակայն՝ հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը: Արցախի Ազգային ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը:

Հայրենակիցնե՛ր, այս օրերին, երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը, արցախահայության անվտանգության հարցը, ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը, իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը, ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի, սակայն արդարացիորեն` ապստամբել են: Նրանց միացել են ողջ հայ ժողովրդի ողջամիտ, մտահոգ, արժանի մարդիկ: Ցավոք, իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ: Փոխարենը՝ որոշել է հատուկ պատժել ժողովրդին ժողովրդի զավակներով, որպեսզի խարխլի մեզ համար այնքան թանկ ազգային-հասարակական համերաշխությունը: Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից՝ կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ, կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա՝ իրականության հետ չհամընկնելը:

Հայրենակիցնե՛ր, հայտնում ենք, որ ստեղծված ծանր ու պայթյունավտանգ իրավիճակից ելնելով` մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, որի նպատակն է՝ համախմբել ողջ հայ ժողովրդին՝ այս վիճակից դուրս գալու, Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է՝ միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ: Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերս կլինենք Երևանում»:

Տեսանյութեր

Լրահոս