Ենիգոմշյանը կրկին պնդում է՝ բանակցությունները շարունակվելու են Աշոտ Մինասյանի միջոցով
Խորենացի փողոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ հանդիպումներ են ունեցել և նորից են ունենալու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ ու փորձելու են խաղաղ ճանապարհով լուծել «Սասնա ծռերին» սնունդ մատակարարելու խնդիրը, բայց նաև ընդգծեց.
«Եթե փորձեն անմարդկային այս վիճակը շարունակել՝ թող չփոշմանեն դրանից: Երեկոյան մեր ասելիքը և գործը կոնկրետ կլինի»:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ նկատեց՝ երեկվանից տղաների հետ կապ չկա, իշխանությունները նրանց զրկել են կապի միջոցներից: Անդրադառնալով տարածված այն տեղեկատվությանը, թե Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը, և հնարավոր է՝ գրոհ լինի, նա նշեց.
«Մենք հաստատապես գիտենք, որ պատ քանդելու գործը եղել է, այդ տեղեկությունը տարբեր աղբյուրներից է: Այսօր առավոտյան մթնոլորտի սրացման նոր քայլ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռչել է տարածքի վրա, և մոտավորապես տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին: Նման քայլերը ցույց են տալիս, որ իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտի մեջ շարունակել բանակցությունները տղաների հետ»:
Բանակցությունների վերսկսման մասով նա նշեց, որ «Սասնա ծռերի» համաձայնությամբ՝ դրանք շարունակվելու են Աշոտ Մինասյանի միջոցով:
«Այս պահի դրությամբ տեղեկություններ չկան, բայց, ինչպես հայտարարվեց՝ մեր պահանջն է, որ բանակցող կողմը ժողովրդին տեղեկացնի բանակցությունների ընթացքից, նախաձեռնող խմբին հնարավորություն տրվի կապի մեջ լինել տղաների հետ, որպեսզի տեղեկությունները լինեն ճշմարիտ և հավաստի: Իշխանություններն ավելի խելամիտ կլինեն, եթե տղաներին տրամադրեն դրսի հետ կապ, դա միայն կարող է նպաստել իրավիճակի լիցքաթափմանը: Ես ինքս ներկա դրությամբ բանակցություններին այլևս չեմ մասնակցում, սակայն, ցանկացած պահի, չի բացառվում, որ շարունակեմ բանակցել, դա ինձանից կախված չէ: Տղաներից բան չպետք է ակնկալել, նրանց պահանջները շատ հստակ են, այսօր գնդակը գտնվում է իշխանությունների ու կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի դաշտում: Ասել՝ թող տղաները վայր դնեն զենքերը, և այդ ժամանակ ես կհանդիպեմ Սէֆիլյանի հետ, լուրջ մոտեցում չէ»,- ասաց նա:
Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ 168.am-ի հետ զրույցում Գ. Իսագուլյանը փոխանցել էր Աշոտ Մինասյանի խոսքերը, որով վերջինս ոչ միայն հերքում էր խմբի անդամների, մասնավորապես՝ Ենիգոմշյանի նույն խոսքերը, թե Մինասյանն է լինելու հաջորդ բանակցողը, այլև մեկնաբանում էր, թե նրանց կողմից առաջարկի դեպքում ինչո՞ւ կհրաժարվի.
«Նա նախ՝ ասաց, որ որևէ մեկն իրեն բանակցությունները վարելու առաջարկություն չի արել, երկրորդ՝ ինքը որևէ մեկին համաձայնություն չի տվել, որ հանդես կգա՝ որպես միջնորդ: Աշոտ Մինասյանը Վիտալի Բալասանյանի առաջարկությամբ և միջնորդությամբ եղել է ՊՊԾ գնդում՝ «Սասնա ծռեր» խմբի մոտ, և ինքը չի համարում, որ Վիտալի Բալասանյանը որևէ բանում կեղծիք կամ սուտ է ասել, և չի պատրաստվում բանակցություններում փոխարինել Վիտալի Բալասանյանին, ով իր զինակից ընկերն է, և որին Աշոտ Մինասյանը հավատում է 100 տոկոսով: Աշոտ Մինասյանը չի կարծում, թե ճիշտ է այն պահանջը, որ Վիտալի Բալասանյանին կարող է փոխարինել ինքը: Այնպես որ, անհասկանալի է, թե Ալեք Ենիգոմշյանը որտեղից է ստացել այդ տեղեկատվությունը, որն իրականության հետ որևէ կապ չունի»,- Աշոտ Մինասյանի խոսքերը մեզ էր փոխանցել Գառնիկ Իսագուլյանը:
Իսագուլյանն այսօր այդ կապակցությամբ նաև հանդես է եկել ասուլիսով, որտեղ կրկնել է՝ Ա. Ենիգոմշյանը հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ: