Բաժիններ՝

«Աշոտ Մինասյանին որևէ մեկը բանակցություններ վարելու առաջարկ չի արել, և նա 100 տոկոսով հավատում է Վիտալի Բալասանյանին». Գառնիկ Իսագուլյան

Ժամը 19:00-ից Երևանի Խորենացի փողոցում մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի աջակիցների հանրահավաքը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հանրահավաքի սկզբում հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են, սակայն խնդրի բուն էության մասով էական փոփոխություն չկա: «Նորանոր բանակցող կողմեր են մտնում բանակցությունների դաշտ: Եվ ինչպես մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել՝ ներկայումս այդ առաքելությամբ գործում է բոլորի կողմից հարգված, Արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկը՝ «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նշենք, որ մինչ այդ լրատվամիջոցների հետ զրույցում նման հայտարարություն արել էր նաև խմբի անդամ Պավել Մանուկյանը:

168.am-ը տեղեկատվությունը ճշտելու նպատակով չկարողանալով կապ հաստատել Աշոտ Մինասյանի հետ, այդ իսկ պատճառով քիչ առաջ կրկին զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ, ով Ա. Մինասյանի մտերիմ ընկերներից է: Վերջինս ասաց, որ քիչ առաջ հանդիպել է Աշոտ Մինասյանի հետ և այդ իսկ պատճառով կարող է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի՝ հանրահավաքում կատարած հայտարարության կապակցությամբ պաշտոնապես հայտարարել հետևյալը.

«Ես կապվել եմ Աշոտ Մինասյանի հետ: Նա նախ՝ ասաց, որ որևէ մեկն իրեն բանակցությունները վարելու առաջարկություն չի արել, երկրորդ՝ ինքը որևէ մեկին համաձայնություն չի տվել, որ հանդես կգա՝ որպես միջնորդ: Աշոտ Մինասյանը Վիտալի Բալասանյանի առաջարկությամբ և միջնորդությամբ եղել է ՊՊԾ գնդում՝ «Սասնա ծռեր» խմբի մոտ, և ինքը չի համարում, որ Վիտալի Բալասանյանը որևէ բանում կեղծիք կամ սուտ է ասել, և չի պատրաստվում բանակցություններում փոխարինել Վիտալի Բալասանյանին, ով իր զինակից ընկերն է, և որին Աշոտ Մինասյանը հավատում է 100 տոկոսով: Աշոտ Մինասյանը չի կարծում, թե ճիշտ է այն պահանջը, որ Վիտալի Բալասանյանին կարող է փոխարինել ինքը: Այնպես որ, անհասկանալի է, թե Ալեք Ենիգոմշյանը որտեղից է ստացել այդ տեղեկատվությունը, որն իրականության հետ որևէ կապ չունի»,- Աշոտ Մինասյանի խոսքերը փոխանցեց Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ էլ Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում Ժիրայր Սէֆիլյանի, Վիտալի Բալասանյանի և Ալեք Ենիգոմշյանի համատեղ հանդիպում-զրույցն ամբողջությամբ արձանագրվել է, և այդ արձանագրությունը տեսել է նաև ինքը՝ Սէֆիլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս