Հիմա կողմերից մեկը, առանց մյուս կողմի, իրավունք չունի թելադրելու իր կամքը». Գառնիկ Իսագուլյանը՝ «Սասնա ծռեր» խմբի մասին

«Առաջին իսկ օրը շատերը լծվել են այն գործին, որ ամեն ինչ անեն՝ նոր զոհեր, արյուն չունենալու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի հետ տեղի ունեցող բանակցային պրոցեսի մասին:

Նա նշեց, որ Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանն անձամբ է ցանկություն հայտնել միջնորդ դառնալ ՀՀ ուժային կառույցների և այդ տղաների միջև: Գ. Իսագուլյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Վիտալի Բալասանյանը, բնականաբար, հանդիպել է նաև Ժիրայր Սէֆիլյանին, փորձել են ինչ-որ խնդիրներ համաձայնեցնել:

«Միջնորդությունը բավականին լավ տեղի ունեցավ, ու, համենայնդեպս, հասան փոխադարձ պայմանավորվածության, որ բաց են թողնվելու ներսում գտնվող բոլոր ոստիկանները:

Համաձայնության եկան, և Վիտալի Բալասանյանը հավաստիացրեց, որ այդ պարագայում անպայման կլինեն նաև թղթակիցներ: Սկզբնական շրջանում պայմանավորված են եղել ընդամենը 7 լրատվամիջոցի մասին, բայց հետագայում գիտեք, որ ներս մտան 65 հոգի, և լրատվամիջոցների քանակն անցնում էր 20-ից: Այսինքն՝ դա չէր մտնում նախնական պայմանավորվածության մեջ, դրա համար տեղի ունեցավ այն փոքրիկ պահը՝ ուղիղ եթերի հետ կապված, բայց հետո ուղիղ եթերն էլ ապահովվեց:

Նախնական նաև հստակ պայմանավորվածություն կար, որ զենքով որևէ մարդ չպետք է տեսախցիկների մոտ երևա, որ լրատվամիջոցները որոշակի գծից այն կողմ չպետք է անցնեն: Ցավոք սրտի, այդ պայմանավորվածությունը տղաների կողմից չպահվեց»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Դիտարկմանը, թե խմբի անդամների կողմից պայմանավորվածությունը չպահվեց՝ մյուս կողմի՝ խմբի հետ պայմանավորվածությունն իշխանությունների կողմից խախտվելուց հետո, Գ. Իսագուլյանը հավաստիացրեց, որ ոչինչ չի խախտվել. «Չպահվեց այդ պայմանավորվածությունը, հենց սկզբից երևացին զենքերով, իսկ վերջում, երբ կրակոցներ հնչեցին, Վիտալի Բալասանյանին ոչինչ չէր մնում, քան լրագրողներին դուրս հրավիրել»:

Անդրադառնալով ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե Վիտալի Բալասանյանը կոնտեքստից հանում է Ժիրայր Սէֆիլյանի խոսքը և սուտ է ասում, Գ. Իսագուլյանը նկատեց, որ ի տարբերություն շատերի՝ Վիտալի Բալասանյանը զինվորական մարդ է, «երբեք խոսքը հենց այնպես չի հասկանում, հասկանում է ուղիղ՝ ինչ ասվել է»:

«Եթե Ենիգոմշյանն ասում է՝ ենթատեքստից հանվել է, նշանակում է՝ այդ մասին խոսակցություն գնացել է, հիմա թե ոնց է հասկացել պարոն Ենիգոմշյանը, դա իր խնդիրն է: Ասեմ, որ այնտեղ, բացի Վիտալի Բալասանյանից, պարոն Ենիգոմշյանից, Ժիրայր Սէֆիլյանից, նաև ներկա է եղել մարդ, ով արձանագրել է ամբողջ խոսակցությունը, և Ժիրայր Սէֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն ամբողջությամբ արձանագրվում է»,- նշեց Գ. Իսագուլյանը՝ չհստակեցնելով, թե ո՞վ է եղել այդ խոսակցությունն արձանագրող մարդը:
Նա ասաց, որ այն առաջարկները, որ արվում էին այդ խոսակցության ընթացքում, պետք է ներկայացվեին ՀՀ նախագահին, ինչը և արել է Վիտալի Բալասանյանը:

«Հանկարծ երեկ հայտարարվում է, որ բանակցող կողմը հիմա Աշոտ Մինասյանն է: Ես ամբողջ օրը երեկ եղել եմ Աշոտ Մինասյանի հետ, որևէ մեկն Աշոտ Մինասյանին չի զանգել, որևէ մեկը նրանից միջնորդություն չի խնդրել: Որևէ մեկը չի փոխարինելու Վիտալի Բալասանյանին, նա որևէ պայման չի խախտել, դրա համար որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: Հիմա կողմերից մեկն իրավունք չունի թելադրելու իր կամքը՝ առանց մյուս կողմի: Ես չեմ ասում՝ Ենիգոմշյանը սուտ է ասում, բայց գուցե նրան գցել են թյուրիմացության մեջ: Այդ առաջարկությունը ոչ թե պետք է միտինգում անել, այլ կոնկրետ մարդու հետ պայմանավորվել: Նրանց կողմից շատ կոպիտ թյուրիմացություն է եղել, որը մենք կարող ենք բնութագրել՝ որպես սուտ, բայց չենք ուզում իրավիճակը լարել»,- հայտարարեց Գ. Իսագուլյանը:

Բանախոսը նշեց, որ ոչ մեկն այդ տղաներին ահաբեկիչ, տեռորիստ չի հայտարարել, բայց «տղաները պետք է հասկանան, որ նման կերպ շարունակել չի կարելի, հարկավոր է զենքը վայր դնել»: Ըստ Գ. Իսագուլյանի՝ խմբի տղաներն ինչ-որ առումով իրենց խնդիրը լուծել են, իսկ զենքերը վայր դնելուց հետո՝ ՀՀ նախագահը հանդիպելու է Ժիրայր Սէֆիլյանի հետ, և քննարկելու են որոշակի հարցեր:

«Ազատ Հայաստան, ազատ Հայաստանում ազատ կրակել… Երեք պետական մեքենա է այրվել, դուք ուզում եք իշխանության գալ, ի՞նչ իմաստ ուներ այդ մեքենան այրելը, եթե վաղը դուք իշխանություն եք, այդ նույն մեքենան պետական գույք է, փչացնելն ինչի՞ մասին է խոսում: Այսինքն՝ հիմա գալիս են ուրիշները, նախկիններն ինչ սարքել են, այրել ու քանդելո՞ւ են: Ասել, որ ներսում գտնվողները բոլորն ազատամարտիկներ են՝ չի կարելի խաբել ո՛չ հանրությանը, ո՛չ ինքներս մեզ»,- ասաց Գ. Իսագուլյանը:

Նա հորդորեց բոլոր քաղաքական ուժերին, միտինգում գտնվող մարդկանց՝ ավելորդ կրքեր չբորբոքել, ամեն ինչ անել հարցը խաղաղ հանգուցալուծելու համար: Ըստ նրա՝ դրա համար ստեղծվել են ամենալավ պայմանները:

Հիշեցնենք նաև, որ երեկ 168.am-ի հետ զրույցում Գ. Իսագուլյանը փոխանցել էր Աշոտ Մինասյանի խոսքերը, որով վերջինս ոչ միայն հերքում էր խմբի անդամների խոսքերը, թե ինքն է լինելու հաջորդ բանակցողը, այլև մեկնաբանում էր, թե առաջարկի դեպքում ինչո՞ւ կհրաժարվի:

«Նա նախ՝ ասաց, որ որևէ մեկն իրեն բանակցությունները վարելու առաջարկություն չի արել, երկրորդ՝ ինքը որևէ մեկին համաձայնություն չի տվել, որ հանդես կգա՝ որպես միջնորդ: Աշոտ Մինասյանը Վիտալի Բալասանյանի առաջարկությամբ և միջնորդությամբ եղել է ՊՊԾ գնդում՝ «Սասնա ծռեր» խմբի մոտ, և ինքը չի համարում, որ Վիտալի Բալասանյանը որևէ բանում կեղծիք կամ սուտ է ասել, և չի պատրաստվում բանակցություններում փոխարինել Վիտալի Բալասանյանին, ով իր զինակից ընկերն է, և որին Աշոտ Մինասյանը հավատում է 100 տոկոսով: Աշոտ Մինասյանը չի կարծում, թե ճիշտ է այն պահանջը, որ Վիտալի Բալասանյանին կարող է փոխարինել ինքը: Այնպես որ, անհասկանալի է, թե Ալեք Ենիգոմշյանը որտեղից է ստացել այդ տեղեկատվությունը, որն իրականության հետ որևէ կապ չունի»,- Աշոտ Մինասյանի խոսքերը մեզ էր փոխանցել Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս