Բաժիններ՝

«Ժիրայր Սէֆիլյանի և Վիտալի Բալասանյանի բանակցություններն արձանագրված են». Գառնիկ Իսագուլյան

Երեկ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հատարարեցին, որ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին ազատում են բանակցությունները վարողի՝ միջնորդության դերակատարումից:

Հիշեցնենք, որ նրան այդ դերակատարումը տրվել էր բոլոր կողմերի՝ զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների համաձայնությամբ, որը նա շատ արդյունավետ իրականացնում էր: Նաև այդ միջնորդության արդյունքում երեկվանից ՊՊԾ գնդում որևէ պատանդ չկա զինյալ խմբի մոտ, և բանակցությունները շարունակվում են, որպեսզի որևէ արյունահեղություն չլինի:

Վ. Բալասանյանի ջանքերով նաև իշխանությունները կատարեցին զինյալ խմբի պահանջը և ապահովեցին տասնյակ լրագրողների հետ նրանց հանդիպումը: Ասուլիսի ընթացքում Վ. Բալասանյանը լրագրողներին հորդորեց-խնդրեց, անվտանգության նախադրյալներից ելնելով՝ լրատվամիջոցների համար նախատեսված տարածքից այն կողմ չգնալ. Լրագրողներից ոմանք ոչ միայն չհետևեցին Բալասանյանի հորդոր-խնդրանքին, այլև ինտրիգներ հրահրեցին, ինչն ավարտվեց զայրույթով, իսկ որոշ ժամանակ անց՝ գեներալին բանակցությունններից հեռացնելու հայտարարություններով:

Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ գեներալ Վիտալի Բալասանյանն իրենց համար միջնորդական առաքելություն այլևս չի իրականացնելու: Ավետիսյանի խոսքով՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ և խոչընդոտել լրագրողների աշխատանքին: ]

Իսկ Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքում մյուս բանակցող Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե Բալասանյանը ենթատեքստից կտրել է Սէֆիլյանի խոսքը և աղավաղված է ներկայացրել: Հիշեցնենք, որ Բալասանյանն ասել էր, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ քննարկել են զենքերը վայր դնելու հարցը. «Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է, ճիշտն ասած, բայց Սէֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, և այդ հարցերին պատկան մարմինները կպատասխանեն: …Կարող եմ պաշտոնական ասել, որ քիչ առաջ էլ` կես ժամ առաջ, Ժիրայր Սէֆիլյանն ասաց` ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:

Երեկ հանրահավաքում Ալեք Ենիգոմշյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեցին Բալասանյանին ինքնագործունեության, Սէֆիլյանի խոսքերը դիտավորյալ աղավաղելու մեջ: Խմբի անդամները հայտարարել էին, թե կասեն՝ ում են վստահում իշխանությունների և իրենց միջև բանակցել:

Այսօր արդեն խմբի անդամ Պավել Մանուկյանը Ա1+-ի հետ զրույցում ասել է, որ Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ): Ըստ նրա. «Վիտալիկն իրեն լավ չպահեց, հատկապես՝ լրագրողների հետ»:
Ի դեպ, երեկ և մինչև հիմա Վիտալի Բալասանյանի հետ ՊՊԾ տարածքում զինված խմբի անդամների հետ հանդիպումներին մասնակցել է նաև Աշոտ Մինասյանը: Նա եղել է նաև երեկ լրագրողների հետ կազմակերպված հանդիպմանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում Ժիրայր Սէֆիլյանի, Վիտալի Բալասանյանի և Ալեք Ենիգոմշյանի համատեղ հանդիպում-զրույցն ամբողջությամբ արձանագրված է, և այդ արձանագրությունը տեսել է նաև ինքը՝ Սէֆիլյանը:

Խորենացու փողոցում ելույթ ունենալով՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ շարժումը սասանելու համար իշխանությունները դիմում են ստի քաղաքականությանը: Եվ հերքել է Վ. Բալասանյանի այն հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» պատրաստվում է զենքերը վայր դնել։ Ենիգոմշյանը նաև հերքել է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ժիրայր Սէֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս չի պահանջում. «Վիտալի Բալասանյանը խեղաթյուրել է իրականությունը։ Ես էլ եմ այնտեղ եղել այդ զրույցի ժամանակ, և այդ արտահայտությունը կոնտեքստից դուրս է»,- նշել է Ենիգոմշյանը:

«Գեներալ Վիտալի Բալասանյանը ռազմի մարդ է, նա ուղիղ և պարզ է հասկանում ամեն ինչ և ուղիղ և պարզ էլ ամեն ինչ ասում է: Ժիրայրն էլ՝ որպես ռազմական գործիչ, վստահ եմ՝ հենց այդպես էլ ամեն ինչ ասում է: Թե Ալեք Ենիգոմշյանն ինչպե՞ս է հասկացել, ի՞նչ ենթատեքստեր է տեսել՝ դա իր խնդիրն է: Նրանց երեքի հանդիպում-զրույցն արձանագրվել է, և Ժիրայրն այդ արձանագրությունը տեսել է»:

Մենք Գ. Իսագուլյանից փորձեցինք ճշտել նաև Աշոտ Մինասյանի՝ բանակցությունները վարելու փաստը, որի մասին հայտարարել էր զինյալ խմբի անդամ Պավել Մանուկյանը:

«Աշոտ Մինասյանի փոխարեն ես չեմ կարող որևէ բան ասել, իրավասու էլ չեմ, բայց Աշոտը մշտապես Վիտալի Բալասանյանի հետ միասին մասնակցել է ՊՊԾ տարածքում գտնվող տղաների հետ հանդիպումներին: Մի բան ակնհայտ է՝ երկու կողմերի՝ Սէֆիլյանի և խմբի անդամների համաձայնությամբ է բանակցային այդ ակցիան նրա միջնորդությամբ կայացել, և չի կարելի Ենիգոմշյանի «ենթատեքստեր» տեսնելու պատճառով՝ գեներալին հեռացնել բանակցային գործընթացից»,- ասաց Գ. Իսագուլյանը: Garnik-Isagulyan_640x420

Մեզ առայժմ չհաջողվեց այս մասին զրուցել նաև Աշոտ Մինասյանի և Վիտալի Բալասանյանի հետ:

168.am-ի ֆոտոխցիկը երեկ ՊՊԾ տարածքում ֆիքսել էր նաև Աշոտ Մինասյանին (լուսանկարում): 13819374_10207298334040831_866288208_n_640x420 13820759_10207298334240836_1531172968_n_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս