Բաժիններ՝

«Կրիտիկական, արյունոտ պահն արդեն ավարտվել է…». Ազատ Արշակյան

«Խնդրի հանգուցալուծման ժամկետների մասին չեմ կարող ոչինչ ասել, շատ անորոշ է դա, բայց ընդհանուր առմամբ դրական քայլեր տեսնում եմ»,-168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելուց հետո զարգացող իրադարձությունների մասին:
Ըստ Ա. Արշակյանի՝ դրական էր այն, որ ազատ արձակեցին «պատանդներին», ինչպես նաև թույլատրեցին լրագրողների մուտքը այդ տարածք.

«Ընդհանրապես, համեմատաբար հուզական լարվածությունը պակասել է, կարծում եմ՝ առաջիկայում նաև շատ հնարավոր է՝ Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցի հարցը լուծվի: Մի խոսքով, ես հույս ունեմ, որ կգտնվեն խաղաղ լուծումներ, արյունահեղությունն անթույլատրելի է: Չնայած պատանդների դուրս գալուց հետո գրոհի տեխնիկական մասը շատ հեշտացել է, բայց կարծում եմ՝ դա չի արվի, գրոհ չի լինի: Կարծում եմ՝ դեռ նոր միջնորդներ կհայտնվեն, ես իմացա, որ փնտրում են»:

Հարցին, թե ըստ Ձեզ՝ ինչո՞ւ խմբի անդամները և նրանց որոշ թիմակիցներ, ինչպես օրինակ՝ Ալեք Ենիգոմշյանը Արցախի հերոս և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին դուրս թողեցին բանակցություններից, Ազատ Արշակյանն այսպես պատասխանեց.

«Անշուշտ, Վիտալի Բալասանյանին մենք բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք իր առաքելության հաջող ավարտի համար, բայց ես կարծում եմ, որ սրանք փուլային բանակցություններ են, հոգնեցնող կլինեն, դժվար կլինեն, հուզումեր կլիեն, բայց փաստը մնում է փաստ, որ այս փուլը հաջող ավարտ ունեցավ: Ես հույս ունեմ, որ առաջիկայում կհայտնվի մեկ ուրիշ միջնորդ, որը ևս մի քայլ կկազմակերպի դեպի լիցքաթափում, այսինքն՝ փուլ առ փուլ, աստիճանաբար, կարծում եմ, կավարտվի: Այն կրիտիկական պահը, արյունոտ պահն արդեն ավարտվել է, և բոլորն էլ հասկանում են, հայտարարում են, որ արյունահեղություն չեն ուզում»:

Ա. Արշակյանից նաև հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այստեղ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը՝ հաշվի առնելով, որ նա փորձեց իշխանափոխության գործընթացը ղեկավարել, բայց զինյալ խմբի անդամները, կարծես, այնքան էլ կողմ չեն դրան: Ոչ միայն խմբի անդամները, այլև նրանց թիմակիցներն ու համախոհները պատգամավորին մեղադրեցին սեփական անձի PR-ը անելու և շարժման ղեկը վերցնելու ամբիցիաների, շարժումը շեղելու դավադիր մտադրությունների մեջ:

Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց.

«Ես Նիկոլ Փաշինյանի և մյուս քաղաքական գործիչների համար կարող եմ ասել, որ շատ բնական է, որ այդպես են վարվում, որոշակի պատասխանատվություն կա նրանց վրա, և, ինչո՞ւ չէ, սկսվել է նախընտրական քարոզարաշավը… և դա ճիշտ է, երբ քաղաքական գործիչներն օգտվում են առիթից և իրենց քաղաքական դերն են հաստատում մեր քաղաքական կյանքում: Նիկոլ Փաշինյանն, այդ իմաստով, շատ ճիշտ վարվեց:

Նա ավարտել է իր առաքելությունը, հիմա կարող է այլ տեղում շարունակել, իսկ նոր թեկնածուի մասով, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել՝ ով կլինի: Օրինակ, բացառված չէ, որ հոգևորականների միջնորդությունը լինի: Սկզբում Վիտալի Բալասանյանը մտել է Պարգև սրբազանի հետ, դա շատ կարևոր է, այսինքն՝ հոգևորականությունն արդեն մասնակցում է դրան: Իհարկե, հնարավոր է նաև անհեթեթություններ, դժբախտ պատահար, բայց ես հույս ունեմ, որ փուլ առ փուլ կմարի, կմտնի իրավական, քաղաքական դաշտ և հանգուցալուծում կստանա այս խնդիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս