Վարուժան Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի, Վիտալի Բալասանյանի առաքելության և իրենց ծրագրերի մասին

Ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասաց  , որ Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից իրենց սկսած ընդվզումն ու դրան հաջորդած շարժումը յուրացնելու, այդ շարժման ընթացքը և արդյունքներն անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովվեցուցիչ է, վիրավորական.

«Հորդորում ենք պարոն Փաշինյանին՝ չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից»,- ասել էր նա:

Լրագրողի հարցին՝ այնուամենայնիվ Փաշինյանի՝ Խորենացի փողոցում լինելը դրական կողմ չունի՞, նա այսպես պատասխանեց.

«Դրական է կազմակերպական, ժողովրդին ոգևորելու և այլ առումներով: Բայց եթե բացասականը մնա, ապա այս շարժումը կարող է տեղ չհասնել, և հասկանալի է, որ պարոն Փաշինյանի անձնական և կուսակցական ծրագրերն էլ, բոլոր դեպքերում, չեն իրականանալու»:

Վ. Ավետիսյանն այդպես էլ չբացեց փակագծերը Սէֆիլյանի առաջարկած՝ խնդրի լուծման երրորդ տարբերակի մասին.

«Իր ռազմավարական նշանակությամբ այն, ի վերջո, հանգեցնելու է նույն նպատակին»:

Նա ասաց, որ խոսել են միջնորդական առաքելությունն իրականացնող անձի՝ Վիտալի Բալասանյանի հետ, ու պահանջել, որ նա բոլոր ջանքերը գործադրի իրենց հիմնական պահանջը՝ ուղիղ եթերի ապահովումը կազմակերպելու:

«Հակառակ դեպքում՝ մենք հստակ շեշտում ենք, որ պայմանավորվածությունն ամբողջությամբ խախտվել է: Բալասանյանն առաջարկներ չի ներկայացնում, նա իրականացնում է միջնորդական առաքելություն»,- ասաց նա՝ հավելելով, որ, եթե պայմանն ամբողջությամբ խախտվի, այդ դեպքում կտեսնեն՝ ըստ իրավիճակի ինչ անել:

Նկատենք, որ ասուլիսից որոշ ժամանակ անց ինքը՝ Վ. Ավետիսյանը, հայտարարեց , որ Վիտալի Բալասանյանն այլևս միջնորդական առաքելություն չի իրականացնի, քանի որ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ և խոչընդոտել լրագրողների աշխատանքին, ինչի համար այլևս միջնորդական առաքելություն չի իրականացնի:

Ասուլիսից հետո որոշ լրատվամիջոցների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նաև դիմեց ժողովրդին.

«Կոչ եմ անում ժողովրդին՝ համախմբվի, շատանա, շարունակի ընդվզման ծավալներն ու թափը, լրացնի մինչ այժմ չկիրառված էլեմենտներով, շարժման կոշտությունն ավելացնի, որպեսզի կարողանա արդյունքի հասնել: Մենք այստեղ ենք, մնալու ենք մինչև վերջ և չենք հանձնվելու: 15-30 օր ժամկետ ենք պայմանավորվել, որ այստեղ լինի մամուլի կետ»:

Նա նշեց, որ գնդի տարածքը պաշտպանված է.

«Նույնիսկ ամենալուրջ հատուկ ստորաբաժանումն այստեղ իր կեսից ավելիի չափով կմնա, եթե փորձի մեզ վրա գրոհել կամ ինչ-որ քայլեր կատարել»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» տղաների ծնողների ասուլիսին, նա նշեց, որ իր կինն էլ տեղյակ չէր, որ գալու է ՊՊԾ գունդը գրավելու.

«Նա գիտեր, թե ընկերներիս հետ գնում ենք գյուղում ապրող ընկերներիցս մեկի տանը՝ հանգիստ պայմաններում ժողովի մասնակցելու: Բնականաբար, ո՞վ է իր ծնողին ասում, որ գնում է գրավելու ՊՊԾ գունդը: Նրանց ծնողներն այստեղ էին, խոսեցին իրենց զավակների հետ երկու ժամ առաջ: Ես անգամ չմոտեցա ու չճշտեցի՝ իրենք ինչ եզրակացության եկան, դա իրենց անձնական գործն է: Այստեղ թագավորում է ազատ կամքը, որևէ մեկը չի կարող մյուսին խոչընդոտել»:

Տեսանյութեր

Լրահոս