«Հայր ու որդի, մոռացա՝ մայրիկս էլ, սահման ենք պահել. նրանք` օդային, ես` ցամաքային»

Ծառայեցի սահմանի բերանին` թշնամու հենց քթի տակ` հյուսիսային ուղղությամբ տեղակայված և մարտական բացառիկ խնդիր կատարող զորամասերից մեկում: Ծառայությանս ընթացքում շատ քիչ օրեր են եղել, երբ ես ու ընկերներս առանց կրակոցի ենք լուսացրել: Որպեսզի լավ պատկերացնեք մեր ծառայությունն ու տղաներին, բավական է ասեմ, որ նրանցից մեկին՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մասիս Մուրադյանին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած քաջության, անձնական խիզախության համար արտահերթ լեյտենանտի զինվորական կոչում շնորհվեց: Այսպիսի բան հազվադեպ է լինում:

Հայրս էլ, մայրս էլ զինվորականներ են: Հայրս փոխգնդապետ է, երկար տարիներ ծառայել է ՀՕՊ զորքերում: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիոնը ապահովել է մեր օդային տարածքների անվտանգությունը, ինչի համար ես շատ հպարտ եմ: Հայր ու որդի, մոռացա՝ մայրիկս էլ, սահման ենք պահել. նրանք` օդային, ես` ցամաքային:

Սահմանին պատասխանատվության բեռը շատ մեծ է…

Մեր ծառայության մասին շատ լավ է ասել երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ սահմանում ծառայող զինվորի ամեն մի օրը հերոսություն է:

Հպարտությամբ եմ հիշում և համոզված եմ, որ ամբողջ կյանքում հիշելու եմ առաջնագծում անցկացրածս յուրաքանչյուր ժամն ու րոպեն, յուրաքանչյուր օրը:

Նոր տարի, ծննդյան տոներ ենք նշել սահմանում:

Սահմանում ծառայող զինվորը մի հավատարիմ զինակից ընկեր էլ ունի մարտական հերթապահության ժամին` իր զենքը: Իմ ավտոմատով ինչքա~ն եմ դիտարկում կատարել. ես` թշնամու զինվորին, նա էլ` ինձ` մեկս մյուսին փորձելով բռնացնել վրիպելու պահին…

Զարմանալի զուգադիպությամբ իմ և հայրիկիս զորացրման հրամանները գրեթե միաժամանակ եղան. հայրս գնաց վաստակած հանգստի, ես եկա տուն:

Խաղաղություն և բարի զորացրում բոլոր ժամկետայիններին:

Ծառայում եմ հայրենիքիս:

Հարգանքներով՝ Տիգրան Ղազարյան
շարքային
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս