«Եթե Հայաստանում ընդդիմադիր ուժ լիներ, ապա նման զինված բողոքի ակցիա չէր լինի». Աղասի Թադևոսյան
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելու համար կային և արտաքին, և ներքին պատճառներ: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ, սոցիալական մարդաբան Աղասի Թադևոսյանը:
«Արտաքին պատճառները Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունների այս փուլի առանձնահատկությունն է, և այդ բանակցություններում Հայաստանի այն վիճակը, որում հայտնվել է: Ներքին պատճառներից ամենագլխավորն այն է, որ քաղաքական դաշտը բոլոր իշխանությունների կողմից ամայացման է ենթարկվել, և չկան քաղաքական ռեսուրսներ քաղաքական դաշտում, որոնք հնարավորություն կտան առաջացող կոնֆլիկտները և կարծիքների տարբերությունները լուծել խաղաղ ճանապարհով»,- կարծում է Ա. Թադևոսյանը:
Նա նկատեց, որ մյուս կողմից էլ՝ քաղաքացիական դաշտն է ամայացել իշխանության կողմից, որը, ըստ նրա, շատ ցավալի երևույթ է.
«Դա պետք է նաև իշխանություններին մտահոգվելու տեղիք տա, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ՝ զինված բողոքի ձև է, մի բան, որը մինչև այսօր Հայաստանում չէր եղել: Դա զինված բողոք է՝ քաղաքական պահանջներով, այսինքն՝ քաղաքական ակցիա է, ոչ խուլիգանություն է, ոչ ահաբեկչություն է, ոչ էլ որևէ մեկ այլ բան, որպիսին երբեմն փորձում են պիտակավորել: Այս ամենի մեղավորն առաջին հերթին համարում եմ իշխանություններին, որոնք իրենց գործելաոճով սրեցին իրավիճակը և ստեղծեցին մի իրավիճակ, որ մարդիկ ելքը գտան նման քայլի մեջ»:
Մեր այն հարցին, թե արդյոք բռնությունը, սպանությունը կարելի՞ է որևէ կերպ արդարացնել, ազգագրագետը պատասխանեց, որ, երբ հարցը տանում-հանգեցնում են սպանության, իհարկե, որևէ սպանություն արդարացված չէ, բայց ամբողջ հարցը նրանում է, թե դրա խորքային պատճառները որտե՞ղ են.
«Երբ մենք այսօր դիտարկում ենք խորքային պատճառները, տեսնում ենք, որ այդ սպանությունների և զոհերի գլխավոր մեղավորներն ու պատճառը ներկայիս իշխանությունների կողմից ստեղծված այս անհուսալի վիճակն է, որը հանգեցրեց նման գործողության»:
Ինչպես հայտնի է, իշխանությունները կատարվածի առաջին օրերին գրեթե չէին մեկնաբանում այն: Այսօր արդեն նախագահ Սերժ Սարգսյանն է ելույթ ունեցել՝ ասելով , որ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով՝ հարցեր չեն լուծվելու:
168.am-ն Ա. Թադևոսյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է արդյոք նախագահի ելույթը բեկում մտցնել այս իրավիճակում՝ հաշվի առնելով, որ որքան գնում՝ իրավիճակը, կարծես, ավելի փակուղի է մտնում:
Ի պատասխան՝ ազգագրագետն ասաց՝ այն, որ գոնե երկրի նախագահը պաշտոնապես ինչ-որ բան ասաց այսքան երկար լռնություն պահելուց հետո՝ արդեն դրական է.
«Բայց մյուս կողմից՝ մտածելու տեղիք է տալիս նաև այն, թե իսկ ինչո՞ւ էր այդքան լռություն տիրում, այսինքն՝ ո՞ւմ էր սպասում երկրի նախագահը, ի՞նչ ուղերձների էր նա սպասում՝ խոսելու համար, ու շատ կարևոր կլիներ, որ ինքը բացատրություն տար իր լռությանը, որովհետև նա, վերջին հաշվով, երկրի նախագահն է և նման դեպքերում պարտավոր է հաշվետու լինել նման կարգի ուշացումների համար»:
Ամեն դեպքում, Ա. Թադևոսյանի համոզմամբ՝ այն, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ասել է, կարևոր է: Իսկ թե նախագահի խոսքն ինչպե՞ս կազդի ստեղծված իրավիճակի վրա, ազգագրագետը դժվարացավ ասել, քանի որ կարծում է, որ Ս. Սարգսյանի խոսքը որոշակի չէր.
«Դա ժամանակ շահելուն ուղղված խոսք էր, որովհետև կոնկրետություն շատ չկա, շատ սպասելի էր, որ այդպես պետք է խոսեր, բայց իրավիճակը շատ ստանդարտ չէր, որ նման իրավիճակի համար նման կանխատեսելի ելույթ ունենար»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա գտնում է, որ, եթե իշխանությունն ինքը փորձի մշակել գործողությունների այնպիսի պլան, որը կարող է այս իրավիճակը հանգուցալուծել, լավ կլինի: Նա կողմնակից չէ, որ երկրում բախումներ լինեն.
«Այս իրավիճակում լուծումները գտնելու պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա, որովհետև պետք է լինի մեկը, որ պատասխանատու է երկրում տիրող իրավիճակի համար»:
Մեր այն հարցին էլ, թե արդյոք կարելի՞ է ակնկալել առանց բախումների լուծում՝ հաշվի առնելով զինված խմբի անդամների վճռականությունը, նրանց կողմից առաջ քաշված՝ ՀՀ նախագահի հրաժարականի և այլ պահանջները, որոնք, բնականաբար, չեն կատարվի, Ա. Թադևոսյանն այսպես պատասխանեց.
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ հարցերն առանց ցնցումների լուծվում են այն ժամանակ, երբ հմուտ բանակցություններ են տեղի ունենում: Եթե իրենք չեն կարողանում հմուտ բանակցություններ վարել, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա: Հարցը նրանում չէ՝ ինչպիսի պահանջներ են դրել մարդիկ, այլ հարցը նրանում է, թե ինչպես կարող են այդ պահանջների շուրջ կազմակերպել և իրականացնել բանակցություններ»:
Խոսելով այս իրավիճակում ընդդիմադիր ուժերի դերի մասին՝ Ա. Թադևոսյանը նշեց, որ ինքը Հայաստանում ընդդիմադիր ուժերի չգիտի.
«Եթե Հայաստանում ընդդիմադիր ուժ լիներ, նման զինված բողոքի ակցիա չէր լինի»: