ԱՄՆ-ը դատապարտում է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «զսպվածություն» ցուցաբերել ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ պահած զինյալների հետ հարաբերություններում:

«Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին», – հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:

«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում», – ասել է Թոները Վաշինգտոնում անցկացվող մամուլի բրիֆինգի ժամանակ: – «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ», – հավելել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները որպես քաղաքական փոփոխությունների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները. – «Եվ մենք շրջահայեցության կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե բռնությունը կարող է քաղաքական նպատակների հասնելու ընդունելի ուղի լինել»:

Իրենց «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը հուլիսի 17-ին գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով: Զինված խումբը, որի հարձակման ժամանակ զոհվել է 1 ոստիկան, պահանջում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի հետ:

Տեսանյութեր

Լրահոս