«Մենք պետք է մի բան գիտակցենք՝ անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում». Թևան Պողոսյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ բոլորիս պահանջը պետք է լինի այն, որ զինված հարձակման խնդրի հետ կապված բոլոր հարցերը վերադառնան օրինական դաշտ.  «Մենք պետք է մի բան գիտակցենք՝ անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում: Պետք է բանակցությունների միջոցով հասնենք նրան, որ զենքը վայր դնեն, հանձնվեն ու իրենց պատիժը կրեն արյունալի գործողությունների համար: Բայց դրա հետ միասին՝ մենք պետք է սրանից մեծ դաս քաղենք, հասկանանք` որոնք են եղել այն խնդիրները, որ հասցրել են այս իրավիճակին»:

Նա նկատեց՝ եթե հավատանք փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ասածին, որ զենք ի սկզբանե են ունեցել, ուրեմն՝ մեր երկրում կա անօրինական զենք պահելու հնարավորություն. «Սրանից էլ է պետք դասեր քաղել: Պետք է օրինական երկիր կառուցել ու դատապարտել բոլոր անօրինական գործողությունները: Պետք է հասկանանք, որ այլևս այն վիճակում ենք, որ չի կարելի արյուն թույլ տալ, ինչքան պետք լինի՝ պետք է սպասենք: Եթե շտապենք, լուծումները կլինեն սխալ»:

Պատգամավորի կարծիքով՝ կատարված գործողությունները արդյունք չեն ունենա. «Այս գործողությունների արդյունքը ո՞րն է: Եթե արդյունք չկա, պետք է սկսեն պատասխանատվություն կրել բոլոր այն մարդիկ, ովքեր նախաձեռնել են նման գործողություն: Ցավոք, մեր քաղաքական մշակույթում բացակայում է արդյունքի հանդեպ պատասխանատվություն կրելու մշակույթը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս