Դիլիջանում բացվել է Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնը
Դիլիջանում բացվել է Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնը: Այն ստեղծվել է «Սոսե» հասարակական կազմակերպության՝ «ՀՀ մարզերում աղքատության նվազեցումը՝ տուրիզմի ներդրման միջոցով» ԵՄ ծրագրի շրջանակներում:
«Սա նմանատիպ երկրորդ կենտրոնն է, առաջինը բացվել է Լոռիում: Կենտրոնի հիմնական նպատակներից մեկը մարզերի բնակիչներին աշխատանքով ապահովելն է: Մարզերի բնակիչները ծառայություններ կմատուցեն տուրիզմի սեկտորին և կբարելավեմ իրենց ֆինանսական վիճակը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Սոսե» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նելլի Սեդրակյանը՝ հավելելով, թե կենտրոնի առաջնային նպատակն աղքատության նվազեցումն է:
«Նվազեցնելով աղքատությունը՝ միաժամանակ նաև նպաստում ենք տուրիզմի զարգացմանը: Մեր տուրիստական կազմակերպությունների կողմից բազմիցս նշվել է, որ մենք չունենք ժամանցային տեղեր: Մեր զբոսաշրջիկները հոգնում են անընդհատ եկեղեցուց եկեղեցի գնալուց: Մեր երկրում խնդիր է ժամանցի միջոցով մշակույթին ու արվեստին ծանոթացնելը»:
Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնում բոլոր ծառայությունները մատուցվելու են տեղի բնակչության կողմից: Բացի հանգստից՝ Դիլիջան-Օրրան-ում հյուրերը կարող են սովորել հայկական պարեր, ավանդական խաղեր, գորգագործություն, կավագործություն, հայկական խմիչքների պատրաստում և այլն:
Կենտրոնի բացմանը ներկա էր նաև Տավուշի մարզի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ով իր խոսքում նշեց. «Մեզ համար չափազանց կարևոր են նման նախաձեռնությունները, քանի որ դրանք զգալի առաջընթաց են մեր փոքր երկրի համար: Մենք անվանում ենք մեր երկիրը թանգարան բաց երկնքի տակ՝ միայն հաշվի առնելով մեր անցյալի ժառանգությունը: Մեր գործն այդ ժառանգությունն ավելացնելն է: Այս կենտրոնը զբաղված է այդ գործով: Մենք ունենք ինքնատիպ մշակույթ և ինքնատիպ քաղաքականություն, որը մեզ հազարամյակների միջով բերել և հասցրել է մինչ այսօր»:
Փոխմարզպետը կարևորեց կենտրոնի բացումը նաև տնտեսական առումով: Վարդան Ալեքսանյանի խոսքով՝ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև աշխատատեղերը, ինչը շատ կարևոր է մարզի բնակչության համար:
Ինչպես արդեն նշեցինք, Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տունը նմանատիպ երկրորդ կենտրոնն է Հայաստանում: Առաջինը բացվել է Լոռիում: Ըստ «Սոսե» հասարակական կազմակերպության նախագահ Նելլի Սեդրակյանի՝ Լոռվա Օրրանն ամբողջությամբ արդարացնում է սպասելիքները:
«Լոռիում շատ մեծ է ակտիվությունը: Կա միայն մեկ խնդիր՝ ճանապարհները: Ցավոք, մեր կենտրոնն այն հատվածում է, որտեղ ճանապարհներն անբարեկարգ են: Դա միակ խնդիրն է, որ խանգարում է կենտրոնին»:
Դիլիջան-Օրրան ժամանցային տունն արդեն իսկ պատրաստ է ընդունել հյուրերի: Կենտրոնը ոչ միայն առաջարկում է հայկական մշակույթին ծանոթանալու վարպետաց դասեր, այլև ունի գիշերակացի հնարավորություն:
Սիրարփի Աղաբաբյան