Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձոր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ:

Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է` ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20 տոկոսով. ավելացվելու է նաև պանրի տեսականին:

Vayoc Dzor1 Vayoc Dzor2 Vayoc Dzor3 Vayoc Dzor4

Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից: «Գոլդեն Գոուդ»- ի ղեկավարները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար և նշել, որ դա նպաստել է արտադրական ծավալների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել գործարանի զարգացման նոր ծրագիր, որի իրագործմանը կառավարությունը կփորձի ցուցաբերել աջակցություն՝ աշխատատեղերը և արտահանման ծավալները էական ավելացնելու համար:

Vayoc Dzor5 Vayoc Dzor9 Vayoc Dzor6 Vayoc Dzor7 Vayoc Dzor10

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Եղեգնաձորի «Գետնատուն» գինու գործարան՝ ծանոթացել արտադրական գործընթացին և զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ 1990 թվականին ստեղծված գործարանում արտադրվում է խաղողի և նռան գինի, մրգային՝ ծիրանի, սալորի, խնձորի ալկոհոլային խմիչքներ: Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ՌԴ, Լեհաստան, այժմ աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտի շարունակական զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ և դրան էապես նպաստելու է նաև գինեգործության զարգացման նորաստեղծ հիմնադրամը:

Այնուհետև վարչապետն այցելել է Վայք, եղել տեղի բուժմիավորումում, որտեղ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է հեմոդիալեզի բաժանմունք՝ նորագույն սարքավորումներով: Բուժհաստատության ղեկավարներն ու բուժում ստացող քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ բաժանմունքի ստեղծմանն աջակցելու համար և նշել, որ այն Վայքի տարածաշրջանի բնակիչների համար ունի մեծ կարևորություն:

Վայքում Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը: Պուրակում քաղաքացիների հանգստի և ժամանցի համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, կառուցվել է շատրվան, խաղահրապարակ: Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Վայքի  հիմնանորոգված  «Արևիկ» մարզադաշտ, որը տեղավորում է 2000 հանդիսական: Մարզադաշտի տրիբունայում տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել է ծածկ, վերանորոգվել են հանդերձարանները և կատարվել այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վայքի բուժհաստատությունում, քաղաքային պուրակում և մարզադաշտում իրականացված աշխատանքներից և հիշեցրել, որ նախորդ տարի Վայք կատարած այցի ընթացքում տեղի բնակիչներն խնդրել էին բարեկարգել պուրակը, վերանորոգել մարզադաշտը, իսկ բուժհաստատությունը համալրել հեմոդիալեզի բաժանմունքով:

«Վայոց ձոր այցի ընթացքում ականատես եղանք, որ մարզում զարգանում է նաև փոքր և միջին բիզնեսը՝ գինեգործության, պանրագործության, անասնապահության ոլորտներում: Վայոց Ձորը գինեգործության ոլորտում ունի մեծ ներուժ և հնարավորություններ և դրանք պետք է առավելագույնս օգտագործել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ ընկերությունների հետագա զարգացմանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարության և քաղաքապետարանի կողմից լուրջ ծրագրեր են իրականացվում նաև Ջերմուկում՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի Ջերմուկը դառնա ավելի գրավիչ զբոսաշրջության համար:

Տեսանյութեր

Լրահոս