«Ազգային բրենդի կարգախոսի իմաստին մինչև հասնես, պետք է ահագին բացատրություն լսես, ինչը լուրջ խնդիր է հարուցում»
«Որևէ մտահոգություն, անհանգստություն, թե կառավարությունը կարող է որպես ազգային ընդունել մի բրենդ՝ առանց հանրության կարծիքը նկատի առնելու, չկա»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով էր արդյունավետ 400 հազար եվրո ներդնել ազգային բրենդի վրա:
«Ազգային բրենդի մանրամասն ուսումնասիրություններ ներկայումս իրականանում են: Պետական բյուջեից հատկացված է եղել 62 միլիոն դրամ, մնացած գումաները դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերվող օգնություններ են, այս պահի դրությամբ՝ 5 հիմնական գործողություններից ընդամենը 2 գործողությունների մասին է խոսքը գնում, և վճարումը չի կատարվել այդ ծավալով: Որևէ մտահոգություն, անհանգստություն, թե կառավարությունը կարող է որպես ազգային ընդունել մի բրենդ՝ առանց հանրության կարծիքը նկատի առնելու, չկա: Հանգիստ եղեք, այդ աշխատանքները կատարվում են, որևէ խնդիր չկա»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով կարգախոսին («Պատմությունը նոր է սկսվում»)` Ա. Մինասյանն ասաց. «Կարգախոսը, որ նախնական քննարկումներում ներկայացվել է, իրականում չի արտահայտում այն, ինչի մասին առաջին հայացքից մարդկանց մոտ կարծիք է ձևավորվում: Այն Հայաստանի պատմության հետ կապ չունի, ըստ բացատրության՝ այս կարգախոսի հիմնական նպատակը եղել է այն, որ ուղղված է անձանց, ովքեր Հայաստանում չեն եղել երբեք և պետք է գան Հայաստան: «Եկեք կերտեք ձեզ համար պատմություն»՝ իմաստը սա է, բայց սրան մինչև հասնես, պետք է ահագին բացատրություն լսես, ինչը լուրջ խնդիր է հարուցում, հետևաբար՝ ներկայումս այդ հարցերը քննարկվում են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: