Ամերիկացու արկածները Ռուսաստանում` հայ ռեժիսորի աչքերով
Ալեքսանդր Անդրանիկյանն այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ներկայացնում է «Այդ ամբողջ ջեմը» խաղարկային ֆիլմը:
Կինոփառատոնի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ Անդրանիկյանի աշխատանքը կոտրում է փառատոնային ֆիլմերի մասին կարծատիպերը, թե դրանք հիմնականում լինում են արտհաուզային. այն արտհաուզի և մեյնստրիմի խառնուրդ է:
Ռեժիսորը նշում է, որ ֆիլմը հեղինակային է և նախատեսված չէ մեծ լսարանի համար: Հեղինակի բնութագրմամբ` «Այդ ամբողջ ջեմը» լիրիկ կոմեդիա է: «Սա պատմություն է, որով ես փորձել եմ ներկայացնել տարբեր մշակույթներ կրող և սոցիալական տարբեր շերտերին պատկանող երկու երիտասարդների հարաբերություններ, ներկայացնել պատմել զույգի մասին մի նոր «հեքիաթ»»,- պատմեց Անդրանիկյանը:
Սցենարի հեղինակը ևս Անդրանիկյանն է: Նա ի սկզբանե ցանկացել է ցույց տալ ամերիկացու արկածները Ռուսաս տանում, ներկայացնելով նրանց ընկալումը ռուսական բարքերի և գյուղական կյանքի մասին: Նրա համոզմամբ` այս կինոնկարը տարբերվում է ռուսական մոդայիկ կոմեդիաներից:
Նա նաև պատմեց, որ այս ժանրում աշխատել հետաքրքիր էր, բայց դա հեշտ չէր, քանի որ գլխավոր հերոսն ամերիկացի է, հերոսուհին` ռուս: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում, այն երկլեզու է:
«Ինձ շատ հաճելի, որ կինոնկարը տեղ է գտել «Ոսկե ծիրան»-ում: Սա լրացուցիչ հնարավորություն է լսել հանդիսատեսի արձագանքը, հասկանալ, թե որ ուղղությամբ է պետք շարժվել»,- հավելեց ռեժիսորը:
Ալեքսանդր Անդրանիկյանն իր կարիերան սկսել է Ռոբերտ Սահակյանցի հետ Հայաստանում` որպես անիմատոր: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում նա ցանկացել է ուսումնասիրել նաև այլ «ֆակտուրա»: