«Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում». Սամվել Կարապետյան

«Նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին, երբ մենք 10 հոգանոց խմբով փորձում էինք մտնել Վրաստանի տարածք, իմ մուտքն ագելեցին, մյուս 9 հոգին արդեն մտել էին: Մաքսատանը ինձ հարցրին՝ դուք խմբո՞վ էիք, չուզեցի ստել և պատասխանեցի՝ այո: Մեր խմբի հետ զանգերով կապի մեջ էի, ու ամեն օր զանգում-ասում էին, որ իրենց անընդհատ հետևում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը՝ նկատելով, որ խմբում եղած գործի հետ կապ չունեցող մարդկանց մուտքն էլ Վրաստան հետագայում արգելվեց:

«Նույնիսկ իր սեփական մեքենայով մեզ ուղեկցող վարորդն է դարձել անցանկալի: Սրանից մեկ ամիս առաջ Վրաստանով Ռուսաստան պետք է ընտանիքով գնար, բայց թույլ չեն տվել անցնել: Մեզ համար պարզ դարձավ, որ, եթե նույնիսկ վարորդին են «սև ցուցակում» ներառել, ուրեմն՝ համոզված եմ, որ բոլոր 9 հոգին էլ այդ ցանկի մեջ են»:

Հուշարձանագետի խոսքով՝ կա միջազգային իրավունք, որ որևէ երկրի տարածքում մեկ այլ երկրի քաղաքացի եթե ուզում է ուսումնասիրություն կատարել, պետք է այդ երկրի պետական կառույցների թույլտվությունն ունենա. «Սա մի օրենք է, որը բոլոր երկրներում էլ կա, ու վրացիները կարող են ասել, որ իմ ու մյուս մասնագետների պարագայում կարող են ասել՝ դուք ուսումնասիրություն եք անում, իսկ դրա համար մեր երկրի թույլտվությունը չունեք: Բայց երբ վարորդն ու կամավորներն են դառնում Վրաստանի համար անցանկալի անձ, տարօրինակ է»:

Վրաստանի համար անցանկալի անձ դառնալու փաստը Ս. Կարապետյանը կապում է իր հրատարակած աշխատությունների հետ. «Դեռ 1998թ. հրատարակել էի «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» աշխատությունը, որտեղ ներկայացվել էին 1991թ. այս կողմ եղած հիմնական ավերումները: 2003թ. հրատարակել էի մի գիրք «Թիֆլիսի քաղաքագլուխները» վերնագրով, որտեղ քաղաքի, քաղաքագլուխների 800 տարվա պատմությունն էր տրված: Այդտեղ մոտ 48 մարդու կենսագրություն էի հավաքել, որոնցից 45-ը հայեր էին: 41 քաղաքագլուխ, որ թաղվել էին Թիֆլիսում, գերեզմանները չկան, իսկ ովքեր Թիֆլիսում չեն թաղվել, կան: Ես վրաց ազգի հետ որևէ խնդիր չունեմ, երբ «վրացի» եմ ասում, նկատի ունեմ իրենց իշխանություններին»:

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ից իրենց տեղեկացրել են, որ տասը հոգանոց խմբի անդամները մեկընդմիշտ չեն մտնելու Վրաստան. «ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև Վրաստան պետությունն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում»:

Եզրափակելով՝ հուշարձանագետն ասաց, որ անկախ նրանից՝ մուտք ունե՞ն Վրաստան, թե՞ ոչ, իրենց հետազոտությունները շարունակում են, քանի որ Վրաստանից իրենց օգնողներ կան:

Տեսանյութեր

Լրահոս