«Ադրբեջանը երբևիցե չի կարող ասել՝ ԼՂՀ-ն իմ տարածքում չէ, քանի որ դուք պաշտոնապես չեք ճանաչել, որ ԼՂՀ-ն դուրս է Ադրբեջանի կազմից». Արամ Սարգսյան

«Մենք ասում էինք, որ կոնցեպտ է պետք, և պետք է անպայման փոխվի մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ: Մենք ասում էինք, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով և իր՝ Ադրբեջանի կազմից դուրս գալով չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը. երեկ դա հայտարարվեց»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ օրերս փոխնախարարը panorama.am կայքի հետ զրույցում ասել էր. «Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, և հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»:

Ա. Սարգսյանը դիտարկմամբ՝ իշխանությունները տեսնում են, որ բանակցային գործընթացը շատ ավելի խորացավ հենց այդ տարածքները վերադարձնելու ուղղությամբ. «Հիմա ստացվում է այն, որ, երբ իշխանությունները տեսնում են, որ այլևս այլ ճանապարհ չկա, նոր փոխում են այդ բանակցային ֆորմատը: Սա ընդամենը հայտարարություն է, պետք է անպայման դա փաստաթղթի ձևով ներկայացվի եռանախագահներին, միայն այդ դեպքում դա կլինի ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը»:

Նա շեշտեց, որ իրենք բազմիցս ասել են՝ այդ ինքնորոշման իրավունքը չի աշխատել այն պատճառով, որ ԼՂՀ-ն իրավական տեսակետից ձևավորվել է շատ անթերի, նրանք կատարել են օրենքի պահանջները և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան գործողությունները, իսկ երբ ընդամենն ասվում է՝ «ինքնորոշման իրավունք ունի», Ադրբեջանը շատ հստակ ասում է՝ «շատ լավ, ես պատրաստ եմ նրան ինքնորոշելու իրավունքը տալ, իմ տարածքում լավագույնն ինքնավարությունն է»: «Ադրբեջանը երբևիցե չի կարող ասել՝ ԼՂՀ-ն իմ տարածքում չէ, քանի որ դուք չեք ճանաչել, որ ԼՂՀ-ն դուրս է Ադրբեջանի կազմից, դուք պաշտոնապես չեք ճանաչել: Ընդունվեց, որ Հայաստանի կողմից ներկայացված այդ 2-3 պայմանն իրականացվի, բայց Ադրբեջանը կարող է դա իրականացնել, ու դա չի խանգարում իրեն՝ շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը, ու այն զորավարժությունները, որ շարունակվում են Թուրքիայի հետ միասին, խոսում են այն մասին, որ նրանք չեն հրաժարվել այդ նկրտումներից»,- նշեց Ա. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.amի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս