«Կոչ եմ անում բնակչությանը խուսափել նման գործողություններից, քանի որ այդպիսով վարակվելու սպառնալիքը մեծ է»
Հայաստանում բրուցելյոզ հիվանդության տարածման պատճառներից է բակային մորթն ու կենդանիների տեղաշարժի ոչ պատշաճ վերահսկողությունը, ինչը կենդանիների համարակալման բացակայության հետևանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այս ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
«Վերջին մի քանի տարում Հայաստանում հիվանդության տոկոսային աճ ունենք: Բրուցելյոզի դեմ պայքարը պետք է համալիր կատարվի. եթե չունենանք հիվանդ կենդանի, կիջնի նաև վարակվածության մակարդակը մարդկանց շրջանում»,-ասաց պաշտոնյան: Այս իմաստով նա մեծ ձեռքբերում է համարում գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համակարգվա ծ աշխատանքը թե կենդանիների, թե մարդկանց շրջանում հիվանդության հայտնաբերման դեպքում:
«Եթե կա հիվանդ մարդ, կարող է լինել հիվանդ կենդանի, և հակառակը: Եթե կա հիվանդ կենդանի, մենք տեղեկացնում ենք առողջապահության նախարարությանը, որ մարդկանց շրջանում ուսումնասիրություններ կատարեն: Եթե նրանք են առաջինը հայտնաբերում հիվանդ մարդ, մեզ տեղեկացնում են, որ կենդանիների շրջանում փորձաքննություն իրականացնենք»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Նրա խոսքով` ներկայում պայքարի երկու ձև է կիրառվում` թեստ և սպանդ: Խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներից արյան նմուշառում է արվում, փորձաքննություն կատարվում և հիվանդության հայտնաբերման դեպքում կենդանին ենթարկվում է սանիտարական սպանդի:
«Չունենք հիվանդ կենդանի, չկա հիվանդացության տոկոսի բարձրացում մարդկանց շրջանում: Կա նաև կանխարգելիչ միջոցառում` պատվաստումը, որը Սյունիքի մարզում պիլոտային իրականացվում է, եթե արդյունավետ լինի, կշարունակենք այլ մարզերում էլ, եթե գումարները բավականացնեն նաև երկրի ողջ տարածքում»,- նշեց Հովհաննես Մկրտչյանը:
Նա վստահեցրեց, որ բրուցելյոզով հիվանդ կենդանու միսն օգտագործելի է ջերմային վերամշակման ենթարկելուց հետո: Սակայն, երբեմն ֆերմերն ու գյուղացիները խոչընդոտում են հիվանդ կենդանիների սանիտարական սպանդի իրականացումը` չհավատալով լաբորատոր փորձաքննության արդյունքներին:
«Երբեմն փորձում են կենդանուն ողջ վիճակում վաճառել, ինչը լի է վտանգներով: Դրա համար կոչ եմ անում մեր բնակչությանը խուսափել նման գործողություններից, քանի որ այդպիսով իրենք առաջին հերթին իրենց են վտանգում. վարակվելու սպառնալիքը մեծ է»,- շեշտեց Հովհաննես Մկրտչյանը` հավելելով, որ 2015-ին հիվանդ միս չի հայտնվել շուկայում:
2014-ին բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիները կազմել են 1100, 2015-ին հիվանդությունը գրանցվել է 909 դեպք` խոշոր և 603 մանր եղջերավոր կենդանիների շրջանում, 2016-ի առաջին կիսամյակին բրուցելյոզով հիվանդ է եղել մոտ 350 խոշոր և 200 մանր եղջերավոր կենդանի:
Խոշոր եղջերավոր կենդանիները տարեկան երկու, իսկ մանրերը մեկ անգամ են ստուգվում: Սակայն Հովհաննես Մկրտչյանը կարևորում է անընդհատ մոնիտորինգը, քանի որ երբեմն շեղված են լինում տվյալները, ստուգման ժամանակ կենդանու մոտ հիվանդությունը դրական ցույց չի տալիս, բայց մեկ ամիս հետո ստուգելու դեպքում կարող է այլ պատկեր ի հայտ գալ: Բրուցելյոզի դեպքեր ավելի հաճախ հանդիպում են Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, հազվադեպ` Տավուշում և Լոռիում:
Հարցին, թե ե՞րբ Հայաստանը կորոշի՝ արդյո՞ք միանում է ողջ հանրապետության տարածում նշյալ կենդանիների պատվաստումների ծրագրին, Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց. «Մենք պետք է հաշվի առնենք, որ ԵԱՏՄ անդամ ենք, պետք է անդամ-երկրների հետո նաև համաձայնեցնենք մեր քայլերը: Պետք է դիտարկենք ծրագիրն ինչ ֆինանսական միջոցներ է պահանջում, այս բոլոր ռիսկերը գնահատելուց հետո նոր կհասկանանք` մենք կարող ենք ամբողջ հանրապետությունում իրականացնել պատվաստումը, արդյոք անհրաժեշտ է դա, թե ոչ»: