Ինչի համար էր դատապարտվել նախկին կնոջը, նրա ծնողներին կացնահարելու մեջ կասկածվողը

Շենգավիթում երեկ տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալ Վ. Մարտիրոսյանը նախկինում ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:

Դեռևս 2015թ. փետրվարին հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում հետագայում մեղադրանք էր առաջադրվել թե Վ. Մարտիրոսյանին, թե նրա նախկին կնոջը` Թ. Մանսուրյանին, ով երեկ կացնի հարվածների արդյունքում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նախաքննության մարմինը Վ. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ից մինչև 2015թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել:

Նախաքննության մարմինը Թ. Մանսուրյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում, իր մոր կողմից իր ամուսնու հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել միմյանց: 2016թ. հունվարին դատարանի որոշմամբ Թ. Մանսուրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նույն ամսին դատարանի վճռով Վ. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան: Այս դատավճռի դեմ բողոք էին ներկայացրել թե ամբաստանյալի պաշտպանը, թե մեղադրողը: Պաշտպանը խնդրել է հռչակել ամբաստանյալի անմեղությունը, իսկ մեղադրողը` նշանակված պատժից վերացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու հատվածը:

Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել ամբաստանյալի պաշտպանը, սակայն վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելը մերժել:

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախնական քննության տվյալներով` 2016թ. հուլիսի 08-ին, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս