«Վանաձորցիները ցույց են տվել, որ ընտրակաշառքն իրենց վրա ազդեցություն չի ունենում». Քրիստ Մարուքյան

Հուլիսի 6-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի նիստով որոշվեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն լինելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանը։ Վերջինս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է:

168.am-ը զրուցել է քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի հետ Վանաձորի խնդիրների, իր անելիքների և ծրագրերի մասին:

– Պարոն Մարուքյան, ինչպե՞ս որոշվեց հենց Ձեր թեկնածությունն առաջադրել:

– Առաջադրումն իմ որոշմամբ չէ, կուսակցական ճանապարհով է. կուսակցության մեջ այս ընթացքում եղել են տարբեր քննարկումներ, թեկնածությունների հետ կապված առաջարկներ, վերջնական տարբերակով որոշումը կանգ է առել իմ թեկնածության վրա: Սա նույն թիմն է, որը 2012թ. Էդմոն Մարուքյանի ընտրությունների ժամանակ կանգնել է այդ պայքարի մեջ: Այս ընթացքում թիմն ուժեղացել և այսօր դարձել է կուսակցություն: Այդ թիմի քննարկումների արդյունքում՝ որոշումը կանգնել է ինձ վրա: Այնպես չէ, որ մեկ օրվա ընթացքում են որոշել, կամ նախապես որոշված է եղել, որ ես եմ լինելու: Դա բնական ընթացքով պայմանավորված որոշում է եղել:

Կարդացեք նաև

– Ի՞նչ ուղերձով եք գալիս, ի՞նչ խնդիրներ եք պատրաստվում լուծել:

– Նպատակներն ու պլանները հիմնականում կապված են նորմալ կառավարման համակարգ ներդնելու հետ, որովհետև այն կառավարման համակարգը, որ ունեցել ենք այս տարիների ընթացքում, ցույց է տվել իր անարդյունավետությունը. ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսումը, շահերի բախման համակարգի իսպառ բացակայությունը, հակակշիռների բացակայությունը, այսինքն՝ այն ամենը, ինչը դասական կառավարման համակարգերի մեջ պետք է լինի, որպեսզի ունենաս արդյունավետ կառավարում: Այդ ամենի բացակայությունը բերել է Վանաձորի այսօրվա վիճակին, որի պատճառով էլ մենք որոշել ենք մասնակցել ու փոփոխություններ բերել:

– Իսկ ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, ՀՀԿ-ն չի՞ դիմի ավանդական մեթոդներին՝ իր թեկնածուի ընտրությունն ապահովելու համար:

– 1996թ. տարբեր կարգավիճակներով ներգրավված եմ եղել տարբեր ընտրությունների մեջ, և չեմ կարծում՝ ինչ-որ անսպասելի բաներ տեղի ունենան: Այս ընթացքում դրսևորում ենք ակտիվություն, առաջանում է որոշակի լարվածություն՝ տարբեր թևերի մեջ: Բայց մենք պատրաստվում ենք որևէ կերպ չանձնավորել այդ պրոցեսը: Հանրապետական կուսակցությունը, 17 տարի ունենալով իշխանություն Վանաձորում, որևիցե կերպ չի փորձել այլ բան անել, քան այն, ինչ տեսնում ենք: Այնպես չէ, որ 17 տարի պետք էր, որպեսզի հասկանանք, որ խնդիրներ կան, հետո նոր գային՝ ինչ-որ բան փորձեին փոխել: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այս անգամ ևս իրենց մոտ ցանկություն չկա բան փոխելու, իրենք ընդամենն անձերի փոփոխությամբ ուզում են տպավորություն ստեղծել, որ անձնավորված պայքար է, կամ փորձում են տանել այլ դաշտ: Համենայնդեպս, բոլորին պարզ է, որ այդ կուսակցության մոտեցումները բերել են այսօր ամբողջ երկրի մասշտաբով եղած իրավիճակին, Վանաձորի մասշտաբով էլ՝ այն իրավիճակին, որ մարդիկ 5 մատի պես գիտեն, որևէ մեկին պետք չէ պատմել, թե ինչ խնդիրներ կան, կամ ինչն է վատ աշխատում, և այլն:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա վանաձորցիները ցույց են տվել, որ դա որևէ ազդեցություն չի թողնում: Ընտրակաշառք միշտ էլ բաժանվել է, բայց ամեն անգամ մարդիկ վերցնում են կամ չեն վերցնում, հետո անում են այն, ինչ իրենք մտածել են: Հիմա արդեն էլ այն ժամանակահատվածը չէ, այն տարիները չեն, որ կարելի է մարդկանց խաբել, ասել՝ գրիչը կնկարի, տեսախցիկներ կան դրված, մենք կիմանանք, թե դուք ում եք ընտրել… այդ ամենը վաղուց անցել է:

– Քաղաքապետներից շատերը նշում են, որ ուզում են անել փոփոխություններ, սակայն օրենքը թույլ չի տալիս: Տարածքային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մասին օրենքով ու այսօրվա քաղաքական համակարգի պայմաններում ի՞նչ կարող է անել քաղաքապետը:

– Իմ նշած՝ թիմով պատասխանատվության հարցը հենց սրան էր վերաբերում, որովհետև, եթե նույն ՀՀԿ-ի ներկայացուցիչն է քաղաքապետ, ու այդ կուսակցությունն ունի իր մոտեցումները, ապա որքան էլ ուզում է դու ունենաս այլ բան, քան ընդունված է ներքին կանոններով և ներքին պայմանավորվածություններով, դու չես կարող խաղալ այլ խաղ, քան թելադրում է այդ ներքին նիստուկացը: Հետևաբար, եթե ուզում ես այլ բան անել արդեն կայացած համակարգի մեջ, ապա դու որևիցե հաջողության չես հասնի: Այդ կուսակցության շրջանակներում, եթե մեկը փորձել է ինչ-որ բան անել, ու չի ստացվել, մեղադրել է ՏԻՄ մասին օրենքին կամ լիազորությունների շրջանակին. դա ճիշտ արդարացում չէ: ՏԻՄ մարմնի ունեցած լիազորությունները մենք պատրաստվում ենք իրենց ողջ ծավալով իրականացնել, այսինքն՝ որևէ կաշկանդվածություն չունենք՝ ներքին պայմանավորվածությունների կամ այլ բաների առումով: Հետևաբար, այն արդարացումները, որ՝ մեկ է՝ չեն թողնելու, չենք կարողանալու կամ չգիտեմ՝ ինչ, վերաբերում է նույն թիմում այլ խաղի կանոններով խաղացողներին:

– Եթե Դուք ընտրվեք, մոտավորապես որքա՞ն ժամանակում կկարողանաք Ձեր նշած ծրագրերն իրականացնել:

– Տրամադրությունների, միջավայրի, ընդհանուր մթնոլորտի փոփոխության առումով շատ կարճ ժամանակ է պետք. ընդամենը 2-3 ամսում կարելի է ցույց տալ աշխատանքի նոր ոճ: Բայց խնդիրների լուծման առումով, բնականաբար, կախված այդ խնդրի խորությունից, բարդությունից, արդեն եղած պայմանագրային հարաբերություններից, չեմ կարող ինչ-որ կոնկրետ ժամկետ նշել: Այսինքն՝ կախված նման հանգամանքներից՝ յուրաքանչյուր խնդրով կզբաղվենք հնարավորինս արագ, օրենքի սահմաններում, ունեցած պայմանագրային սահմաններում լուծումներ տալու առումով: Բայց այն, որ միանգամից մոտեցումների, մթնոլորտի, աշխատանքի ոճի առումով փոփոխությունները կերևան, հաստատ է, ու դրա համար շատ երկար ժամանակ պետք չէ:

Ո՞վ է Քրիստ Մարուքյանը

Ներկայացնում ենք թեկնածուի կենսագրությունը.

Քրիստ Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 23-ին Կիրովական քաղաքում: 1992 թվականին ավարտել է թիվ 6 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:

1997 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտն օտար լեզուներ մասնագիտությամբ` ստանալով անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցչի որակավորում: Կրթությունը շարունակելու նպատակով

2005 թվականին դիմել է Բրիտանական Չիվնինգ (Chevening) կրթաթոշակների մրցույթին և, որպես մրցանակակիր, մեկնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն: 2006 թվականին ավարտել է Ալսթերի համալսարանի հանրային կառավարման բաժինը և ստացել Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:

1995 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Ա և Լ» Բիզնես Կենտրոնում: Որպես երրորդ կուրսի ուսանող՝ սկզբնական շրջանում կատարել է թարգմանչական և վարչական բնույթի աշխատանքներ: Հետագայում ստանձնել է զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոնը, իսկ վերջին 3 տարիներին աշխատել է որպես փոխտնօրեն:

1996 թվականից մինչև 2003 թվականը ներգրավված է եղել բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելություններում՝ որպես օգնական: 2000 թվականին, որպես տեղական փորձագետ, ներգրավված է եղել ՏԱՍԻՍ-ի կողմից Լոռու մարզպետարանի հետ իրականացվող Լոռու մարզի զարգացման ծրագրում:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Համաշխարհային Ուսուցում կազմակերպության կողմից իրականացվող ՀԿ հզորացման ծրագրում, նախ՝ որպես վարչական օգնական, այնուհետև՝ որպես ծրագրի ղեկավար:

2004 թվականի նոյեմբերին մասնակցել է «3ԱՐ Ստրատեգիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Շուկայական կապերի ներուժի գնահատման» աշխատանքներին՝ որպես փորձագետ:

2005 թվականին աշխատել է Միկրո-ձեռնարկությունների զարգացման նախաձեռնությունում՝ որպես հյուսիսային գրասենյակի տնօրեն և Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերի բիզնես-խորհրդատուների թիմի ղեկավար:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ և անհատական ֆինանսական ծառայությունների վերլուծաբան:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է «Կոնվերս» բանկում՝ որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ:

2010 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկում՝ որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ: Բանկային համակարգում աշխատելու տարիներին կառավարել է 1 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող վարկային և ավանդային պորտֆելներ, բարձրացրել հաճախորդների սպասարկման որակը, ներդրել արդյունավետ կառավարման և վերահսկման համակարգեր, ստեղծել և զարգացրել գործընկերային հարաբերություններ:

2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսն աշխատել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում՝ որպես ՍՄԱՐԹ նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչ: Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և փոխանակման ծրագրերի Հունաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում, Լիբանանում և Հոլանդիայում:

Որպես փորձագետ՝ ներգրավված է եղել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև եղել է կառավարման խորհրդի անդամ:

2015 թվականի դեկտեմբերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է:

Բացի մայրենի լեզվից, տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

Ունի խորը համակարգչային և ՏՏ գիտելիքներ ու հմտություններ: Հետաքրքրվում է լուսանկարչությամբ, զբաղվում սպորտով, սիրում է ճամփորդել:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Տեսանյութեր

Լրահոս