«Հարավային Կովկասի երկրներին Վարշավայում մեծ նորություններ չեն սպասվում». Թրեյսի Ջերման

«Վարշավայում ՆԱՏՕ-ն իր նոր քաղաքականության մեկնարկը կտա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լոնդոնի Քինգս քոլեջի Անվտանգության դասընթացների բաժնի առաջատար ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը` անդրադառնալով վաղը Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Նա նշեց, որ անվտանգության գլոբալ մարտահրավերների, սպառնալիքների պարագայում, Ուկրաինայում, Սիրիայում գլուխ բարձրացրած հակամարտություններից, Ռուսաստանի գործողություններից հետո անհրաժեշտություն էր առաջացել, որպեսզի ՆԱՏՕ-ն վերանայեր իր քաղաքականությունը՝ հատկապես Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի ակտիվության, բայց ՆԱՏՕ անդամ երկրների հարևանության տարածաշրջաններում: Այդ քաղաքականությունը, ըստ նրա, արդեն վերանայվել է և պետք է ներկայացվի Վարշավայում: Ջերմանի խոսքով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկում է՝ որպես սպառնալիքի աղբյուր, ինչին փորձելու է արձագանքել բազմակողմանիորեն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի հատկացումները մեծացնելով, ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներում նոր ուժեր տեղակայելով կամ արդեն իսկ առկա ուժերի ներուժը մեծացնելով:

«Սրանք ամենապարզ քայլերն են, դրանց վերջնական ուրվագիծը դեռ պատրաստ չէ, այնուամենայնիվ հուլիսի 8-ին մեկնարկելիք գագաթաժողովը կխոսի այս հարցերի մասին»,- ասաց Թրեյսի Ջերմանը: Վերջինիս խոսքով՝ Հարավային Կովկասի երկրներին էական նորություններ Վարշավայում չեն սպասվում: «Վրաստանն ակնկալում է, բայց այս անգամ ևս չի ստանա ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհային քարտեզ, քանի որ դա դեռ բավականին համարձակ քայլ է դիտարկվում ՆԱՏՕ-ում:

Ամեն դեպքում, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը շարունակելու է խորացվել, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները յուրահատուկ բնույթ են կրում՝ դրանք բավականին խորն են, բայց չունեն անդամակցության մակարդակ: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին ուղղված իր քաղաքականությամբ ցույց է տալիս Վրաստանի ուղղությամբ իր բարձր հանձնառությունը զորավարժությունների, մեծ աջակցությունների միջոցով: Սա քիչ չէ, ճանապարհային քարտեզը ևս հեռու չէ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կպահպանվեն, կողմերը հանձնառու են շարունակել վերջին տարիների դինամիկան: Ադրբեջանի ուղղությամբ ևս փոփոխություններ չեն սպասվում, քանի որ չկան հստակ ցանկություններ ևս այդ կողմից»,- ասաց վերլուծաբանը:

Այնուամենայնիվ, նրա համոզմամբ, սա կարևոր տարածաշրջան է ՆԱՏՕ-ի համար, որում տեղի ունեցող զարգացումներին ՆԱՏՕ-ն մեծ ուշադրությամբ հետևում է: Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ձևավորման հարցն ընկալվում ՆԱՏՕ-ի կողմից, Ջերմանը պատասխանեց, որ ՆԱՏՕ-ի համար դրանում որևէ նորություն չկա: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն համագործակցում է Հայաստանի հետ՝ իրազեկ լինելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և շարունակում է խորացնել իր հարաբերությունները, ինտեգրվածությունը ՌԴ-ի նախաձեռնած ինտեգրացիոն կառույցներին: Սա, նրա համոզմամբ, չի խանգարել կողմերին շարունակել իրենց համագործակցությունը: «Ավելին, ՆԱՏՕ-ի համար գնահատելի է, որ չնայած ՀԱՊԿ անդամակցությանը՝ ՀՀ-ն շարունակել է իր խաղաղապահ առաքելությունները, և երկկողմ հարաբերությունները չեն տուժել: Ոչինչ չի փոխվել ապագայի համար ևս»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս