«Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական բիզնես ասոցիացիան: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել.

«Գործարար համայնքի, ինչպես նաև տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը, թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ:

ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ: Մենք հռչակել և հետևողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում:

EM hamajokhov5 EM hamajokhov3 EM hamajokhov1

Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ երկրների միջև` մի կողմից հաշվի առնելով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող, մյուս կողմից` Եվրամիության հետ առևտրում GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու հնարավորությունները: Արտոնյալ GSP առևտրային ռեժիմ ունենք նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Մեկ այլ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Ամերի­կայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև վերջերս ստորագրված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որով ստեղծվում են բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։

Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ներդրումային ծրագրերին` նպատակ ունենալով աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը` առաջարկելով գործարարներին արտոնությունների լայն շրջանակ: Այս համատեքստում, վստահ եմ, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում ևս իր նպաստը կբերի ներդրումների ներգրավման, գործարար համայնքի շահերի ներկայացման և պետություն-մասնավոր երկխոսության զարգացման տեսանկյունից: Ամփոփելով խոսքս` մաղթում եմ Ձեզ հաջողություն և արդյունավետ գործունեություն»:

ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Լրահոս