Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. ««Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն է և նոր մարտահրավեր»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

Ազգային հավաքականի ավագը խոսել է Մարկ Սալիվանի հետ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, իր լավ ընկեր Ադնան Յանուզայի հետ կրկին նույն թիմում հայտնվելու մասին և իր նախկին թիմի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման, որը կկայանա այս ամսվա վերջ:

– Բարի գալուստ, Հենրիխ: Ի՞նչ զգացողություններ ունես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

– Շատ շնորհակալ եմ: Անչափ հուզված եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն է և նոր մարտահրավեր: Կներդնեմ բոլոր ուժերս:

Կարդացեք նաև

– Որքանո՞վ ազդեց քո որոշման վրա Ժոզե Մոուրինյոյի գործոնը:

– Նա այն գործոններից մեկն էր, որը ազդեց իմ որոշման վրա, բայց կարևոր էր նաև այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Ես չէի կարող մերժել այդ առաջարկը և երջանիկ եմ, որ այստեղ եմ:

– Ոգևորվա՞ծ ես, որ հանդես ես գալու Ուեյն Ռունիի, Զլատան Իբրահիմովիչի և մյուս աստղային ֆուտբոլիստների հետ:

– Այս տարի հոյակապ թիմ է հավաքվել և ինձ հաճելի կլինի խաղալ իրենց հետ:

– Դու ծնվել ես մարզական ընտանիքում: Քո հայրը՝ Համլետը նույնպես ֆուտբոլիստ է եղել: Ինչպիսի՞ ազդեցություն է նա ունեցել քո կարիերայի վրա: Որքա՞ն հպարտ կլիներ նա հիմա:

– Երբ նա ֆուտբոլ էր խաղում, ես դեռ շատ փոքր էի և չէի կարող ամբողջովին հասկանալ, թե ինչ է ֆուտբոլը: Երբ նա մահացավ, ես ցանկացա ֆուտբոլիստ դառնալ: Ցանկանում էի շարունակել նրա գործը, և, բարեբախտաբար, ճիշտ ուղու վրա եմ:

– Դու հանդես ես եկել Հայաստանում, այնուհետև Ուկրաինայում և Դորտմունդի «Բորուսիայում»: Ինչպես քո անցած այս ճանապարհը օգնեց քեզ և արդյո՞ք դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին:

– Հետ նայելով հասկանում եմ, որ երկար ճանապարհ եմ անցել այստեղ հայտնվելու համար: Իմ կարծիքով, սա դեռ իմ հնարավորությունների գագաթնակետը չէ: Ես կարող եմ էլ ավելի խաղալ և երջանիկ եմ, քանի որ կյանքում ամեն ինչ ճիշտ եմ արել և հույս ունեմ, որ քայլ առ քայլ առաջ կշարժվեմ:

– Ինչպիսի՞ մարտահրավեր է քեզ սպասվում Պրեմիեր լիգայում:

– Բոլորն էլ գիտեն, որ Պրեմիեր լիգան համարվում է աշխարհի լավագույն առաջնություններից մեկը: Երջանիկ եմ, որ կազմելու եմ դրա մասնիկը:

– Խոսե՞լ ես Շինջի Կագավայի ու Ադնան Յանուզայի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին:

– Յանուզայն իմ մոտիկ ընկերներից է: Այստեղ գալուց առաջ մենք միշտ կապի մեջ ենք եղել: Նա միշտ հարցնում էր, թե արդյո՞ք միանալու եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ասում էի, որ ես էլ չգիտեմ: Այժմ ես այստեղ եմ և կարծում եմ, որ նա ինձ համար կլինի և ընկեր, և օգնական:

– Հպա՞րտ ես, որ առաջին հայն ես, ով հանդես է գալու Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպե՞ս են վերաբերվում քո տեղափոխությանը Հայաստանում:

– Կարծում եմ, որ շատերն են սպասել այս տրանսֆերին: Ուրախ եմ, որ Հայաստանում հպարտ են ինձանով: Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստն Անգլիայում: Կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները:

– Քո խաղին առաջին անգամ կհետևենք Չինաստանում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մրցակիցը կլինի քո նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Ի՞նչ զգացումնքներ ունես այդ հանդիպումից առաջ:

– Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել իմ նախկին թիմակիցներին հատկապես առաջին խաղում: Մի քիչ տարօրինակ կլինի, բայց, բոլոր դեպքերում, «Մանչեսթեր Յունայթեդն» իմ նոր թիմն է:

– Առաջիկա շրջագայությունը քեզ համար նոր փորձ կլինի: «Յունայթեդը» շատ երկրպագու ունի Ասիայում: Պատրա՞ստ ես նոր փորձության:

– Լսել եմ այդ ամենի մասին: Գտնում եմ, որ պատրաստ եմ:

– Ի՞նչ կարող են ակնկալել մեր երկրպագուները քեզնից գալիք մրցաշրջանում:

– Ամեն ինչ կանեմ իմ լավագույն խաղը ցուցադրելու համար: Այն արդյունքները, որոնք գրանցել եմ նախորդ մրցաշրջանում, կփորձեմ գրանցել նաև այս մրցաշրջանում:

– Ի՞նչպիսին են քո տպավորությունները «Օլդ Թրաֆորդ»-ից և ինչ զգացմունքներ ունես, որ կխաղաս այս մարզադաշտում:

– Դեռ չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդ»-ում, բայց կարծում եմ, որ սա աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է: Ինձ համար հետաքրքիր կլինի հանդես գալ այդ խաղադաշտում երկրպագուների համար:

– Ի՞նչ կցանկանաս փոխանցել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք անհամբերությամբ սպասում են քո նորամուտին:

– Սիրելի երկրպագուներ, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղին և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել։

https://www.youtube.com/watch?v=iUuDtpbxU0M

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս