«ՀԱԿ-ը նույնպես վարել է այն քաղաքականությունը, ինչ Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նրանք ազնիվ են այդ հարցում». Զարուհի Փոստանջյան
«Հայ ժողովրդի համար վերջին շրջանը ոչ միայն բարդ էր, այլև վերլուծելու և վերաիմաստավորելու շրջան էր, բայց վերլուծելն ու վերաիմաստավորելը, չեմ կարծում, արդեն իսկ հանգեցրել են կոնկրետ գործողությունների և ծրագրի, որով մենք պետք է առաջնորդվենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ վերադարձել ենք ապրիլյան մինչպատերազմական իրավիճակին. «Փուլ, որտեղ մենք նորից դարձել ենք նախորդ իրական սպառնալիքներին ու չունենք հստակ ձևակերպված ծրագիր արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ: Այդ պատճառով «Ժառանգություն» կուսակցությունը մի բանաձև է պատրաստել, որտեղ մենք գույքագրել ենք ամենակարևոր սպառնալիքները ու դրանով մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ապագա քաղաքական օրակարգն այնպես ձևավորենք, որ դրանք ազդեցություն չունենան մեր քաղաքական կյանքում»:
Ըստ նրա՝ այս բանաձևով իրենք հայտարարում են, որ այս 25 տարիների թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը մերժում են. «Այսօր «Ժառանգությունն» այն եզակի քաղաքական ուժն է, որը միանշանակ այս պահին խորհրդարանում ընդգրկված ուժերից տարբեր քաղաքականություն է հայտարարում արտաքին հարաբերությունների վերաբերյալ, ու մեր քվեարկությունները դրա մասին են խոսում»:
Նա վկայակոչեց ՀՕՊ համաձայնագրի քվեարկությունը՝ միաժամանակ նշելով, որ ներքաղաքական կյանքում ևս խորհրդարանական մյուս բոլոր ուժերից տարբերվող քաղաքականություն են վարում իրենք՝ նկատելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկել նաև Ընտրական օրենսգրքի «կոսմետիկ» փոփոխություններին:
Հարցին, թե ազնի՞վ են արդյոք այն ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանություններին դեմ են արտահայտվում, բայց այլ կերպ են քվեարկում՝ Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ նրանք ազնիվ են:
«Նրանք ազնիվ են, որովհետև, եթե վերադառնանք 25 տարի առաջ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը ոչ մի կերպ չի տարբերվել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից: ՀՀ քաղաքացիները պետք է կողմնորոշվեն, որ ռուսական այսպիսի քաղաքական-ռազմական ներգրավվածությունը և ազդեցությունը կա ոչ միայն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությամբ: Նույն Արցախյան հարցի հետ կապված՝ նա պատրաստ էր մեր հողերը հանձնել, նույնն էլ պատրաստ է Սերժ Սարգսյանը: ՀԱԿ-ը նույնպես վարել է այն քաղաքականությունը, ինչ Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նրանք ազնիվ են այդ հարցում»,- նշեց Զ. Փոստանջյանը: