
Լեռնիկ Ալեքսանյանը պարզաբանում է՝ ինչու է ասել, որ «քառօրյա պատերազմը Պուտինի արածն է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը գտնում է՝ կոնտեքստից դուրս են հանել իր այն խոսքերը, թե քառօրյա պատերազմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արածն է:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ադրադառնալով իր այդ խոսքերին՝ Լ. Ալեքսանյանը պարզաբանեց` ինքն այն մարդկանցից է, որ կողմնակից է Ռուսաստանի և Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերություններին, որովհետև, ըստ նրա, այդ երկու երկրների շահերը ստրատեգիական առումով համընկնում են. «Բայց լինում են դեպքեր, որ շահերի բախում է լինում, ես դա չեմ բացառում: Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, որ իր շահերից ելնելով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանել մեր շահերին: Դա եղել ու լինելու է: Հայ ազգի սպասելիքները շատ ավելին են, այսինքն՝ մենք սպասում ենք, որ հենց մեզ նեղացնեն, Ռուսաստանը իր ռազմական տեխնիկայով պետք է գա ու մեզ օգնի: Մենք առաջինը հույսներս պետք է մեր ռազմական պոտենցիալի և ուժի վրա դնենք, ո հաշվի առնենք, որ կան տարբեր երկրների շահեր»:
Լ. Ալեքսանյանը նշեց՝ ինքը նկատի է ունեցել, որ գուցե Ռուսաստանին ձեռնտու է եղել այդ պատերազմը, բայց Պուտինը չի սրել, և միգուցե եթե Ռուսաստանը չմիջամտեր, այն ավելի երկար տևեր: