Երկու զինծառայող հայտնվել է ամբաստանյալի աթոռին. սահմանի հատվածը մնացել է առանց բավարար հսկողության

Դատարան է ուղարկվել երկու զինծառայողի վերաբերյալ քրեական գործը: Քննության արդյունքում նախաքննական մարմինը գտել է, որ նրանց գործողությունների արդյունքում սահմանի նշված հատվածը մնացել է առանց բավարար հսկողության:

ՀՀ ՊՆ N զորամասի գնդացրորդ, կոչումով` ավագ սերժանտին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայություն կատարելով մարտական դիրքում՝ որպես դիրքի ավագ, իր ծառայության կազմակերպման ընթացքում խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, մասնավորապես՝ կանոնադրության պահանջները, չի իրականացրել դիտորդների հերթափոխը, չի վերահսկել դիտորդների հերթափոխի գրաֆիկի կատարումը, առանց վերադաս հրամանատարությանը զեկուցելու և առանց հարգելի պատճառների՝ թույլատրել է դիրքում որպես դիտորդ նշանակված ծառայողին թողնել դիրքի տեղաբաշխման վայրը և մի քանի ժամ այնտեղից բացակայել, դրանով իսկ վնաս է պատճառել հենակետում իրականացվող մարտական հերթապահության բնականոն ընթացքին, ծառայողի` դիրքից բացակայությամբ խախտվել է մարտական դիրքի մարտական հաշվարկը, նվազել է զինվորական ստորաբաժանման մարտունակությունը, ՀՀ սահմանների նշված հատվածը տևական ժամանակ մնացել է առանց բավարար հսկողության:

Կոչումով կրտսեր սերժանտ նռնականետորդ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մարտական դիրքում, նշանակված լինելով դիրքի` հակառակորդի հետ շփման առաջնային գծում՝ որպես դիտորդ, խախտել է կանոնադրության դրույթները, այն է` դիրքի ավագի կողմից ավագ պետին զեկուցելուց հետո թույլտվություն ստանալու բացակայության պայմաններում անօրինական կարգով թողել է դիրքի տեղաբաշխման վայրը և մի քանի ժամ բացակայել այնտեղից` գտնվելով դիրքին հարակից գյուղում գտնվող տանը: Ըստ մեղադրանքի՝ նրա գործողության հետևանքով վնաս է պատճառվել` խախտվել է զինծառայողների կողմից հատուկ պարտականությունների իրականացման սահմանված կարգը, նվազել է զինվորական ստորաբաժանման մարտունակությունը, խաթարվել է մարտական հերթապահության բնականոն ընթացքը, խախտվել մարտական դիրքի մարտական հաշվարկը, ՀՀ սահմանների նշված հատվածը մնացել է առանց բավարար հսկողության:

Քրեական գործն արդեն դատարանում է, դատավորը, ում մակագրվել էր քրեական գործը, այն արդեն վարույթ է ընդունել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս