
Ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքը գերազանցեց 3 տրիլիոնը

ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտքը 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճել է 9,1%-ով և կազմել 3 տրիլիոն 33,7 մլրդ դրամ (2016-ի սկզբին այդ ցուցանիշը 2 տրիլիոն 781,9 մլրդ դրամ էր)։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հայաստանյան ընկերությունների ընդհանուր պարտքի 73,3%-ը (ավելի քան 2,2 տրիլիոն դրամ) բաժին է ընկնում առևտրային բանկերին)։ Այդ թվում՝ 1,17 տրիլիոն դրամը բաժին է ընկնում ոչ ռեզիդենտներին, այսինքն՝ օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններրին։
Գնումների գծով կրեդիտորական պարտքերը նվազել են 0,8%-ով և կազմել 431 մլրդ դրամ։ Իսկ աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով պարտքերն աճել են 33,7%-ով՝ հասնելով 22,9 մլրդ դրամի։
Ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների ունեցած ժամկետանց պարտքերի ծավալը տարվա առաջին եռամսյակի վերջում կազմել է 21,2 մլրդ դրամ։