«Հայաստանում կուսակցականացումը նոր դիմագիծ է ընդունում»
«Չենք կարող ասել, որ այսօր ամբողջությամբ նոր Սահմանադրությամբ ենք ապրում, մեզ մոտ կարծես թե հին Սահմանադրության և նոր Սահմանադրության նորմերի կոլիզիա կա»,- այսօր Սահմանադրության օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Նա նշեց, որ իրենք ի սկզբանե անհամաձայնություն ունեին 10 տարին մեկ Սահմանադրությանն անդրադառնալու հարցի վերաբերյալ: «Հիմա այս նոր Սահմանադրությամբ մենք գնացինք դեպի պառլամենտարիզմ, բայց որի համար մենք նախադրյալներ չունեինք: Չունեինք կայուն զարգացած բազմակուսակցական համակարգ, որը հնարավորութուն կտար կուսակցություններին մուտք գործել պառլամենտ՝ այդ պառլամենտարիզմի տարրն ապահովելու համար»,- նկատեց Հ. Տիգրանյանը:
Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ վաղը մեր երկրի գլխավոր օրենքի ստեղծման ծննդյան օրն է, ու «դա կարևոր» օր է: Նա ընդունեց, որ այսօր կան բազմաթիվ թերություններ, բայց նշեց, որ իրենք աշխատում են դրանք շտկել:
«Սահմանադրությունը փոխվեց որոշ մասերով, բայց նոր Սահմանադրություն չէ, սա հին Սահմանադրության փոփոխված տարբերակն է: Ամենակարևորը՝ մենք անցում ենք կատարել երկրի կառավարման համակարգի փոփոխությանը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ չհամաձայնելով Հ. Տիգրանյանի այն դիտարկման հետ, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկար:
Նա համաձայնեց, որ այսօր ունենք բազմաթիվ կուսակցություններ, որոնք անգործության են մատնված. «Այսօր ունենք շուրջ 80 կուսակցություններ, որոնց առյուծի բաժինն ուղղակի անգործության է մատնված: Հայաստանի դաշտում 10-12-ից բացի՝ չենք կարող այլ կուսակցությունների անուններ տալ, բայց դա չի խանգարում, որ շարունակի Հայաստանում կուսակցությունների թիվը մեծանալ»:
Մ. Եսայանը համոզված է, որ ՀՀ-ի քաղաքական դաշտում տեղի է ունենում մաքրում, ինքնատեղավորում. «Այն գործիչները, որոնք այլ կուսակցության անդամ էին, կա՛մ ստեղծում են նոր կուսակցություն, կա՛մ մտնում են այլ կուսակցությունների մեջ, ինչը նշանակում է, որ Հայաստանում կուսակցականացումը նոր դիմագիծ է ընդունում: Մենք վստահ ենք, որ 2017 թվականի ընտրություններից հետո և ընթացքում ՀՀ-ի քաղաքական դաշտում իրենց տեղը կգտնեն իսկապես գաղափարական, քաղաքական ուժեր, և որևէ մեկի մտքով այլևս չի անցնի հանկարծ սեփական ցանկությունների համար կուսակցություն ստեղծել»:
Հարցին, թե ո՞վ է արգելել մինչ այս, որ այդպես լինի, Մ. Եսայանն այսպես արձագանքեց. «Որևէ մեկը չի արգելել, մենք գնում ենք այս ճանապարհով, և սա քաղաքական դաշտի մաղվելու գործընթացն է»: