«Ողջ աշխարհը տեսավ, որ ԼՂ հակամարտությունը սառեցված չէ և կարող է նորից բռնկվել». Նովրուզ Մամեդով

Ողջ աշխարհը տեսավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ և կարող է նորից բռնկվել: Շատերն էին ցանկանում տպավորություն ստեղծել, որ հակամարտությունը սառեցված է: Այս մասին ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, տեղեկացնում է Trend-ը:

Նրա խոսքով՝ եկել է գրեթե 25 տարի շարունակվող հակամարտությունը լուծելու ժամանակը:

«Այդ պատճառով այսօր շատ մեծ ուշադրություն է դարձվում այդ հակամարտության լուծմանը: Ապրիլյան իրադարձություններից հետո ԱՄՆ-ի նախաձեռնությամբ նախ՝ Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ապա Ռուսաստանում, և Ֆրանսիան կարևորեց հակամարտության կարգավորման բանակցությունների նոր փուլ սկսելու անհրաժեշտությունը:

Ներկայում, նայելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումներին, կարելի է տեսնել, որ կա առաջ շարժվելու մտադրություն»,- ասել է Մամեդովը:

Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ներկայում Գերմանիան է փորձում քայլեր ձեռնարկել: Բեռլինը հետաքրքրված է հակամարտության լուծմամբ, ցանկանում է օգնել հասնելու խնդրի լուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս