Արդյոք Սահամնադրական բարեփոխումներից հետո Գագիկ Հարությունյանի խիղճը հանգստացե՞լ է
Հայաստանում 2015թ. բարեփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելը բավականին տևական և լուրջ խնդիր է: «Սահմանադրական մշակույթ» մենագրության շնորհանդեսի ժամանակ լրագրողներից հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Նախնական գնահատականներով 100-ից ավել օրենքներ պետք է ընդունվեն, որից ավելի քան մեկ տասնյակը մայր օրենքներ են: Դրանց հայեցակարգերը մեր խորհրդում պարբերաբար քննարկ ման առարկա են դառնում: Դրանք բոլորը կավարտվեն միայն 2018թ.: Եվ, երբ իրավական դաշտն ամբողջությամբ ներդաշնակ կլինի սահմանադրական լուծումներին և կառուցակարգային լուծումները կհամապատասխանեցվեն սահմանադրական լուծումներին, նոր Սահմանադրությունը կսկսի շնչել»,- ասաց Գ. Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանն ասել էր, թե իր խիղճը հանգիստ չէ, քանի որ Սահմանադրության մեջ խնդիրներ է տեսնում: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք 2015թ. Սահամնադրական բարեփոխումներից հետո նրա խիղճը հանգստացե՞լ է, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, թե դժվար է ասել, որովհետև ամեն օր տեսնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ:
«Իմ մենագրության նախաբանի վերջում ես ավելի շատ պատգամ եմ անում, որ մեր տաղանդաշատ երիտասարդությունը կկարողանա կերտել մեր երազների Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա որոշակի առումով դեռ ինձ համար էլ երազանք է»,- ասաց նա: