Ամենաընդդիմադիրը՝ Նիկոլ Փաշինյանը, ամենաքիչ ընդդիմադիրը՝ Ռոբերտ Քոչարյանը. «Գելափ Ինթերնեյշնլի» հետազոտությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաընդդիմադիրն է՝ ըստ «Գելափ Ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքների: Նշենք, որ հետազոտությունը կատարվել է դեմ առ դեմ հարցումների միջոցով, հարցումների քանակը՝ 1106, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ 13.05.2016-24.05.2016:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելափ Ինթերնեյշնլի» տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքները, ասաց, որ «Քաղաքական մրցաշարի մեկնարկային տվյալները» թեմայով հարցման ընթացքում քաղաքացիներից նաև հետաքրքրվել են, թե ովքե՞ր են Հայաստանի քաղաքական դաշտում ամենաընդդիմադիր գործիչները և կուսակցությունները:

Նա հայտնեց, որ 5 բալանոց համակարգում ամենաբարձր գնահատականները ստացել են «Քաղաքացիական պայմանագիր»՝ 3.4, ՀԱԿ՝ 3.2 և «Ժառանգություն»՝ 3.2 կուսակցությունները: Նվազագույն միավոր էլ հավաքել է ՀՀԿ-ն՝ 1.4: ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Ալյանսը» և «Ազատ դեմոկրատները» ստացել են 2.7 բալ:

Հետազոտության ընթացքում քաղաքացիներից նաև հետաքրքրվել են, թե ովքեր են ամենաընդդիմադիր քաղաքական գործիչները: Ըստ հարցման արդյունքների՝ ամենաընդդիմադիրներն ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն են, որոնք ստացել են հավասար բալեր՝ 3.8: Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ստացել են 3.4 բալ: Ժիրայր Սէֆիլյանը, Հրանտ Բագրատյանը, Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը ստացել են 3.2 միավոր: Ամենացածր գնահատականին է արժանացել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2.1:

Տեսանյութեր

Լրահոս