
«Հիմնական ժամանակում ոչ մի հաղթանակ չտանելով՝ Պորտուգալիայի կիսաեզրափակիչ դուրս գալը պարադոքս է». Ռոբերտ Լևանդովսկի

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի ազգային թիմի հետ անցկացրած խաղից ստացած տպավորություններով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոցներով ավելի դիպուկ գտնվեցին պորտուգալացիները՝ 5:3:
«Շատ ցավալի է, չէ՞ որ մենք պարտվեցինք մի թիմի, որը գնդակին տիրելու շատ քիչ առավելություն ուներ, և չպետք է մոռանանք, որ Պորտուգալիան Ֆրանսիայում ոչ մի անգամ չի հաղթել հիմնական ժամանակում, սակայն, միևնույն է, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսպիսին են ֆուտբոլի պարադոքսները:
Մենք ամեն ինչ արեցինք: Ցավոք, 11-մետրանոցն անհաջող խփեցինք. դուրս թռանք: Մենք շատ մոտ էինք հաջողությանը, և այդ անհաջողությունը շուտ չի մոռացվի: Բայց մենք պինդ բնավորություն ունենք, և ես հավատում եմ, որ մենք կդիմանանք այս ցավին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը