Բիոմետրիկ անձնագրերը վերջացել են. Անձնագրային բաժիններում հերթեր են
Ամառային հանգստի շրջանից առաջ Ոստիկանության անձնագրային բաժիններում սովորաբար առավել մեծ ակտիվություն է նկատվում: Ու թեև այս օրերին անձնագրայիններն աշխատում են գերծանրաբեռնված՝ մեծ հերթերի պայմաններում, սակայն քաղաքացիները ստիպված են սահմանված 5 օրվա փոխարեն՝ ավելի շատ սպասել, մինչև կկարողանան ստանալ կամ թարմացնել անձնագրերը:
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ անձնագրայիններում առաջացած դժվարությունների պատճառը հանրապետությունում ID անձնագրերի բացակայությունն է, որի փոխարեն՝ քաղաքացիներին տրամադրում են հին նմուշի անձնագրեր, որի դեպքում մեկ գործողություն ավելի է կատարվում՝ քաղաքացին գրավոր դիմում է գրում, որ ցանկանում է ճամփորդել, և որպես ճամփորդական փաստաթուղթ՝ ստանում է հին նմուշի անձնագիր:
«Տեխնիկական խնդրով պայմանավորված, քանի որ բիոմետրիկ անձնագիր չունենք, աննախադեպ ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հին նմուշի անձնագրի վրա: Գործընթացը մի քիչ բարդանում է, բայց մենք էլ 2 հերթափոխով աշխատելով՝ փորձում ենք իրավիճակը կարգավորել, որպեսզի քաղաքացիների մոտ անհարմարություններ չառաջանան: Եթե բիոմետրիկ անձնագիր չունենք, քաղաքացին մեղավոր չէ, և նրա ճամփորդելու իրավունքը չպետք է սահմանափակվի: Եվ մենք որոշում ենք կայացրել, տրամադրում ենք հին նմուշի անձնագիր»,- ասաց Մ. Բիչախչյանը՝ հավելելով, որ դրանք տրամադրվում են մեծահասակներին՝ 10 տարի վավերականության ժամկետով, և կարիք չկա, որ հետագայում քաղաքացին շտապի, բերի ետ հանձնի դրանք: